Կվերանորոգվի Աբովյանի Քաղաքային մարզադաշտը

Կվերանորոգվի Աբովյանի Քաղաքային մարզադաշտը

Հուլիսի 17-ին կայացել է Կոտայքի Աբովյան համայնքի ավագանու նիստը: Ավագանու N 44-Ա որոշմամբ Աբովյան համայնքի Քաղաքային մարզադաշտը 15 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որը 2 տարվա ընթացքում իրականացնելու է մարզադաշտի հիմնական և ընթացիկ վերանորոգում, հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:

Մասնավորապես, տեղադրվելու է նոր խոտածածկ, վերանորոգվելու են մարզադաշտի տրիբունաները և հանդերձարանային հատվածները: Վերանորոգումից հետո մարզադաշտը համապատասխանելու է ՈւԵՖԱ-ի երկրորդ կարգին: Դա նշանակում է, որ  այստեղ հնարավոր կլինի անցկացնել ինչպես Հայաստանի Բարձրագույն խմբի, այնպես էլ միջազգային հանդիպումներ, մասնավորապես, ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների և Եվրոպա լիգայի որակավորման փուլի (մինչև երկրորդ փուլի), Հայաստանի երիտասարդական ու պատանեկան հավաքականների մասնակցությամբ հանդիպումներ:

Հիշեցնենք, որ Քաղաքային մարզադաշտում իր հանդիպումներն էր անցկացնում ԽՍՀՄ Առաջին խմբում հանդես եկող Աբովյանի «Կոտայքը», իսկ միջազգային վերջին հանդիպումն այս մարզադաշտում կայացել է ավելի քան 11 տարի առաջ՝ 2009 թ. մայիսին, երբ Հայաստանում անցկացվում էր կանանց ազգային հավաքականների միջազգային մրցաշար՝ Հայաստանի, Էստոնիայի և Ղազախստանի հավաքականների մասնակցությամբ:

wp-apeth