ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստան մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում օրերս անցկացվել է 2023 թվականի առաջին լայնամասշտաբ մարզական միջոցառումը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար:
Աթլետիկա մարզաձևից կազմակերպված հանրապետական միջոցառմանը Երևանի և ՀՀ մարզերի 15 հանրակրթական դպրոցների մինչև 15 տարեկան շուրջ 115 սովորող է մասնակցել: Առավել ակտիվ մասնակցություն են գրանցել ՀՀ Լոռու, Կոտայքի, Տավուշի և Արմավիրի մարզերը:
«Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արտակ Ստեփանյանի խոսքով՝ միջոցառումը կրել է «Աթլետիկան բոլորի համար» խորագիրը և անցկացվել է աթլետիկական 4 ձևերից՝ 50 մետր վազք, գնդակի նետում, հեռացատկ և էստաֆետա:
«Առաջնության անցկացման համար ներգրավել էինք նաև 19 կամավոր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից, ֆիզկուլտուրայի ուսուցիչներ և հատուկ մանկավարժներ՝ շուրջ 25 հոգի: Երեխաներին ապահովել էինք մարզահագուստով, սննդով և ճանապարհածախսով»,- ասել է Արտակ Ստեփանյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ հունիսի 9-26-ը «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության պատվիրակությունը Բեռլինում կմասնակցի աշխարհի հատուկ օլիմպիադաների ամառային խաղերին, որն անցկացվում է 4 տարին մեկ: Հայաստանը կներկայացնի 4 մարզիկ՝ աթլետներ Աննա Դավթյանը, Գևորգ Մանուկյանը և լողորդներ Տիգրան Գևորգյանն ու Ռոբերտ Պետրոսյանը:
Նշենք նաև, որ «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ն այս տարի ևս երկու հանրապետական միջոցառում է նախատեսում՝ ֆուտբոլ և բասկետբոլ մարզաձևերից, որոնք կանցկացվեն աշնանը:
Մասնակից երեխաների ընտրությունը կատարում է հասարակական կազմակերպության խորհուրդը՝ համագործակցելով հանրակրթական դպրոցների հետ՝ հաշվի առնելով ՀՀ-ում իրականացվող համընդհանուր ներառական կրթության պետական քաղաքականության պահանջները: