Ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն՝ Երևանում ընթացող առաջնությունում երկամարտի 374 կգ արդյունքով դառնալով արծաթեմեդալակիր:
Պոկում վարժությունում հայ ծանրորդը Եվրոպայի ռեկորդ է սահմանել և արժանացել է փոքր ոսկե մեդալին՝ 178 կգ արդյունքով: Նա հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները: Հրում վարժությունում Կարապետյանը հաջող է կատարել առաջին երկու մոտեցումները և գլխավերևում պահելով 196 կգ կշռող ծանրաձողը՝ զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Այս քաշային կարգում երկամարտի ոսկե մեդալը նվաճել է Բուլղարիայի ներկայացուցիչ, 18-ամյա Նասար Կարլոս Մեյը ՝ 395 կգ արդյունքով սահմանելով աշխարհի ու Եվրոպայի ռեկորդ: Նասարը ռեկորդակիր է դարձել նաև հրում վարժությունում` ցուցադրած 221 կգ արդյունքով:
Երկամարտի բրոնզե մեդալին արժանացել է Մոլդովայի ներկայացուցիչ Մարին Ռոբուն՝ 364 կգ արդյունքով:
Անդրանիկ Կարապետյանի մրցելույթին հետևել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը: Պարգևատրման արարողությունը կատարել է նախարար Ժաննա Անդրեասյանը:
Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնի կոչումը նվաճել է նաև Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 76 կգ քաշային Տաթև Հակոբյանը՝ երկամարտի 226 կգ արդյունքով (104+122 կգ): Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 16-ամյա Էմմա Պողոսյանը երկամարտում գրանցելով 217 կգ (96+121 կգ)՝ զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Պոկում վարժությունում հաջող կատարելով երկու մոտեցում և գլխավերևում պահելով 104 կգ ծանրաձողը՝ Տաթև Հակոբյանը նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել: Երրորդ մոտեցման համար հայ մարզուհին 107 կգ է պատվիրել, սակայն չի կարողացել այն բարձրացնել: Հրում վարժությունում Հակոբյանն առաջին մոտեցմամբ բարձրացրել է 118, երկրորդ մոտեցմամբ՝ 122 կգ կշռող ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցումը՝ 126 կգ, ցավոք, ձախողել է: Այս վարժությունում Տաթև Հակոբյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ:
Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում հաջող է կատարել երկու մոտեցում՝ գլխավերևում պահելով 96 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝ 121 կգ-ն:
76 կգ քաշայինների A խմբում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Մարի Ֆեգը՝ երկամարտի 253 կգ արդյունքով: Ֆրանսիացի մարզուհին փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում: Լավագույն եռյակը եզրափակել է լատվիացի Դանիելա Իվանովան՝ երկամարտի 222 կգ արդյունքով:
Մեդալակիր մարզուհիներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Այսօր՝ մրցումային 7-րդ օրը, Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա Եվրոպայի առաջնությունում: Կանանց B ենթախմբի 81 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգա Աննա Ամրոյանը, իսկ նույն քաշային կարգի A խմբում 17:30-ից պայքարը կսկսի Լիանա Գյուրջյանը:
Ժամը 20:00-ից մրցահարթակ դուրս կգան Արա Աղանյանն ու Դավիթ Հովհաննիսյանը, որոնք հանդես կգան 96 կգ քաշայինների A խմբում: