Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել և կարիերայում երրորդ անգամ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: 61 կգ քաշայինների եզրափակչում Արսեն Հարությունյանը գոտեմարտել է Ալբանիայի ներկայացուցիչ Զալիմխան Աբակարովի հետ և 5:2 հաշվով վստահ հաղթանակ տարել:

Հարությունյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 7:0 հաշվով առավելության էր հասել Թուրքիայի ներկայացուցիչ Էմրահ Օրմանօղլուի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում հայ ըմբիշը 10։0 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող հայազգի ըմբիշ Արման Էլոյանին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հրայր Ալիխանյանը (74 կգ) մոտ էր բրոնզե մեդալ նվաճելուն, սակայն վճռորոշ գոտեմարտում 0-8 հաշվով զիջել է Վրաստանի ներկայացուցչին: Ալիխանյանն ավելի վաղ 3:2 հաշվով հաղթել էր սփոփիչ գոտեմարտում:

Այսպիսով, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 2 ոսկե մեդալ է նվաճում Եվրոպայի առաջնությունում: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել էր նաև Վազգեն Թևանյանը (65 կգ): Ազատոճային ըմբիշները Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ:

wp-apeth