Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը Թուրքիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել; Հայաստանի հավաքականն այս գիշեր վերադարձել է հայրենիք, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ ոսկե մեդալ նվաճելով հենացատկի վարժությունում: Եզրափակչում Դավթյանը երկու հիանալի ցատկից հետո հավաքել է 15.033 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը: Դավթյանը նաև բրոնզե մեդալ է նվաճել նժույգթափեր վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,266 միավոր: Արթուր Դավթյանը հանդես է եկել նաև բազմամարտի մրցումներում և 82.665 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը Եվրոպայի փոխչեմպիոն է հռչակվել օղակների վարժությունում: Եզրափակչում նա հավաքել է 14,733 միավոր և դարձել արծաթե մեդալակիր: Այս վարժության եզրափակչում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը՝ 14,433 միավորով:
Եվրոպայի առաջնությանը մասնակցել են նաև Հարություն Մերդինյանն ու Գագիկ Խաչիկյանը: Հայ մարմնամարզիկները հանդես են եկել մարզիչներ Սոս Սարգսյանի և Հայկ Նազարյանի գլխավորությամբ: Հակոբ Սերոբյանն ու Արթուր Գյուրջինյանն ընդգրկված են եղել Եվրոպայի առաջնության մրցավարական թիմում:
Ավելի վաղ հայ երիտասարդ մարմնամարզիկները 2 ոսկե և 1 արծաթե մեդալ էին նվաճել Թուրքիայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում:
Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի հաղթող էր դարձել Համլետ Մանուկյանը՝ նժույգթափերի և օղակների վարժությունում: Նժույգթափեր վարժության արդյունքներով առաջնության արծաթե մեդալին արժանացել էր Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը՝ 14.100 միավորով:
Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը: