Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտի 196 կգ արդյունքով (87+109 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս հայ մարզուհին արժանացել է փոքր բրոնզե մեդալներին: Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը 179 կգ արդյունքով (80+99 կգ) երկամարտում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Յայլյանը պոկում վարժությունում կամային բարձր հատկանիշների շնորհիվ գլխավերևում պահել է 87 կգ կշռող ծանրաձողը՝ հաջող կատարելով միայն երրորդ մոտեցումը և արժանացել է փոքր բրոնզե մեդալին: Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում հաջող է կատարել երեք մոտեցումներից երկուսը` գլխավերևում պահելով 80 կգ կշռող ծանրաձողը: Հրում վարժությունում արդեն Յայլյանը հաջող կատարելով երկու մոտեցում՝ բարձրացրել է 109 կգ կշռող ծանրաձողը և արժանացել փոքր բրոնզե մեդալին, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 99 կգ արդյունքով, դուրս է մնացել մեդալային պայքարից:
Իզաբելլա Յայլյանը, որն առաջին մեդալն է նվաճել մեծահասակների Եվրոպայի առաջնություն է, ընդգծել է՝ կարող էր ավելին անել. «Շատ ուրախ եմ, որ վերջապես մեդալ նվաճեցի մեծահասակների պայքարում: Գրանցածս արդյունքից այդքան էլ գոհ չեմ, քանի որ մարզումներին ավելի շատ էի բարձրացրել ու կարող էի նաև ոսկե մեդալին հավակնել: Ամեն դեպքում, ուրախ եմ, որ հատկապես պոկում վարժությունում զրո չստացա ու կարողացա հավաքվել ու արժանանալ փոքր բրոնզե մեդալին: Երևի՝ լարվածությունը փոքր-ինչ խանգարեց: Ֆիզիկական առումով խնդիր չկար, լավ էի պատրաստվել: Եթե երկրպագուների աջակցությունը չլիներ, գուցե երրորդ մոտեցումն էլ հաջող չկատարեի: Տան պատերն իհարկե օգնում են, ավելի հանգիստ ենք, լարվածությունն ավելի քիչ էր, քան դրսում»:
Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Ռումինիայի ներկայացուցիչ Անդրեա Կոտրուտան (201 կգ՝ 91+110), իսկ փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է Ուկրաինայի ներկայացուցիչ Սվետլանա Սամուլյակը (199 կգ՝ 90+109):
Եվրոպայի առաջնության մրցումներին հետևել են նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, պաշտոնատար այլ անձինք, մարզաշխարհի ներկայացուցիչներ և երկրպագուներ: Եվրոպայի առաջնության ժյուրիի կազմում ընդգրկված էր նաև միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը:
Այսօր՝ ապրիլի 17-ին, Հայաստանը մեկ ներկայացուցիչ կունենա Եվրոպայի առաջնությունում: Տղամարդկանց 67 կգ քաշայինների պայքարում ժամը 20:00-ից մրցահարթակ դուրս կգա Գոռ Սահակյանը: