Հայ ծանրորդները հերթական մեդալներն են նվաճել աշխարհի պատանեկան առաջնությունում

Հայ ծանրորդները հերթական մեդալներն են նվաճել աշխարհի պատանեկան առաջնությունում

Ալբանիայի Դյուրես քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են հաջող ելույթները:

Տղամարդկանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչներ, 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանն ու 96 կգ քաշային Աշոտ Մարգարյանը բրոնզե մեդալներ են նվաճել:

Մովսիսյանը երկամարտի 306 կգ (140+166) արդյունքով զբաղեցրել է երրորդ տեղը: Պոկում վարժությունում Մովսիսյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում զբաղեցրել է չորրորդ տեղը:

Մարգարյանը բրոնզե մեդալին արժանացել է երկամարտի 300 կգ արդյունքով (137+163): Պոկում և հրում վարժություններում ևս Մարգարյանն արժանացել է փոքր բրոնզե մեդալներին:

Երկամարտի բրոնզե մեդալակիր է դարձել նաև կանանց հավաքականի անդամ, 76 կգ քաշային Աննա Ամրոյանը:

Հայաստանի ներկայացուցիչը երկամարտի 204 կգ (88+116) արդյունքով գրավել է երրորդ տեղը և նվաճել բրոնզե մեդալ: Ամրոյանը պոկում վարժությունում 5-րդ տեղն է զբաղեցրել, իսկ հրում վարժությունն ավարտել է չորրորդ հորիզոնականում:

Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ աշխարհի պատանեկան առաջնության հաղթող էր ճանաչվել 67 կգ քաշային ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը (67 կգ)՝ երկամարտի 275 կգ (128+147) արդյունքով զբաղեցնելով առաջին հորիզոնականը, իսկ Նարեկ Մկրտչյանը (73 կգ) փոքր բրոնզե մեդալ էր նվաճել:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Ժորա Գրիգորյանը (61 կգ), Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ), Ռուստամ Սահրադյանը (102 կգ) և Գագիկ Մկրտչյանը (+102 կգ):

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ է մտել Ժորա Գրիգորյանը և երկամարտի 237 կգ (105+132) արդյունքով զբաղեցրել 7-րդ հորիզոնականը։

Կանանց հավաքականի կազմում Ալբանիայում ընթացող աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաև Ալինա Սուքիասյանը (71 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ):

Աշխարհի պատանեկան առաջնությունը կավարտվի ապրիլի 1-ին:

wp-apeth