Հայաստան-Թուրքիա. Ալեքսանդր Պետրակովի և Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը

Հայաստան-Թուրքիա. Ալեքսանդր Պետրակովի և Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը

ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպմանն ընդառաջ՝ մարտի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը։

(հարցեր Վարազդատ Հարոյանին)

-Հետաքրքիր է իմանալ կարևոր խաղից առաջ ի՞նչ վիճակում է թիմը հոգեբանական և ընդհանուր մարզավիճակի տեսանկյունից:
-Շատ լավ վիճակում եմ հոգեբանական առումով, Աստանայի հետ նոր պայմանագիր եմ ստորագրել, շատ ուրախ եմ: Հոգեբանական տեսանկյունից պրոբլեմ չունեմ, ֆիզիկական տեսանկյունից՝ առավել ևս: Ամեն ինչ լավ է:
Թիմը, չհաշված, որ ունենք փոքր վնասվածքներ, ընդհանուր շատ լավ տեսք ունի:

-Ի՞նչ կասեք Թուրքիայի ընտրանու մասին:
-Լավ թիմ է՝ որակյալ ֆուտբոլիստներով: Շատ ֆուտբոլիստներ խաղում են թոփ լիգաներում: Ուսումնասիրել ենք Թուրքիայի հավաքականին, գիտենք նրանց ուժեղ և թույլ կողմերը: Կփորձենք փակել ուժեղ կողմերը և օգտագործել թույլ կողմերը: Հուսով եմ՝ կստացվի: Շատ լավ ենք տրամադրված, բոլորս էլ գիտենք ինչ խաղ է սա մեզ համար: Ամեն ինչ լավ կլինի:

-Բոլոր տոմսերը սպառված են: Արդյո՞ք դա ձեզ ինչ-որ ձևով կօգնի:
-Ես շատ ուրախ եմ, որ բոլոր տոմսերը սպառվել են: Միանշանակ դա օգնության ձեռք կլինի:

-Նոր մարզիչ է եկել ազգային հավաքական և իր հետ նոր շունչ է բերել: Որքանո՞վ է արդեն մարզչի միտքը հասանելի և արդյո՞ք թիմն ամբողջովին հարմարվել է մարզչին:
-Արդեն 1 շաբաթ է, ինչ ծանոթացել ենք մարզչի հետ: Որոշ ֆուտբոլիստներ ավելի շուտ են ծանոթացել, ավելի լավ են հասցրել հասկացել նրա մտքերը: Բայց այս 1 շաբաթվա ընթացքում շատ մեծ աշխատանք է տարվել: Մեր հավաքականում հավաքված բոլոր ֆուտբոլիստներն էլ մեծ պրոֆեսիոնալներ են, ու ինձ թվում է, որ շատ հեշտ են ընտելացել:

-Հենրիխ Մխիթարյանի բացակայությունից հետո ի՞նչ փոփոխություններ են հավաքականում տեղի ունեցել ընդհանուր խաղային և հոգեբանական առումներով: Ինչպե՞ս կանդրադառնա Մխիթարյանի բացակայությունը:
-Իհարկե, բացասական կանդրադառնա: Նա մեծ պրոֆեսիոնալ է, մեծ ֆուտբոլիստ, նրա ներկայութունը շատ կհեշտացներ մեր գործը: Բայց ունենք այն, ինչ ունենք: Ու առաջիկա խաղին կպատրաստվենք այն ֆուտբոլիստներով, որ ունենք: Բայց միանշանակ նրա ներկայությունը շատ-շատ կհեշտացներ մեր գործը: Բայց դա իր որոշումն է, ինքը բոլորիս ընկերն է, շատ սիրված ֆուտբոլիստ: Բոլորս էլ հարգում ենք նրա որոշումը:

Նոր հարձակվող ունենք՝ ի դեմս Հրանտ-Լեոն Ռանոսի: Դուք մարզումների ընթացքում արդեն խաղացել եք նրա հետ, ի՞նչ տպավորություններ ունեք:
-Նա շատ լավ տպավորություն է թողել: Մարզումների ժամանակ այնպես է ստացվել, որ միշտ իրար դեմ էինք խաղում: Շատ լավ որակներ ունի, հուսով եմ մեզ հետագայում շատ կօգնի: Ոչ թե հուսով եմ, այլ վստահ եմ:

-Նոր մրցաշար է սկսվում: Ի՞նչ կարծիք ունեք, ինչպիսի՞ն են Հայաստանի շանսերը: Ինչպե՞ս եք գնահատում առաջիկա խաղը:
-Կասեմ, որ մենք ֆավորիտը չենք այս խմբում, բայց մենք յուրաքանչյուր խաղին պատրաստվում ենք, ինչպես վերջինին: Մանավանդ որ խաղում ենք տանը, պետք է լավ խաղ ցուցադրենք: Բոլորս էլ հասկանում ենք Թուրքիայի դեմ խաղի նշանակությունը, այն մեր հիմնական մեր մրցակիցն է:  Խմբում շատ լավ, շատ որակով թիմեր կան, փորձելու ենք ամեն խաղից քաղել առավելագույնը:

-Հիշո՞ւմ եք 2008 թվականի հանդիպումը: Ի՞նչ էիք անում այդ խաղի ժամանակ, ի՞նչ հիշողություններ ունեք:
-Շատ լավ եմ հիշում այդ խաղը: Մեր ընտրանին պարտվեց, բայց ես շատ մեծ հիշողություններ ունեմ այդ հանդիպման հետ կապված: Ես եզրում էի գտնվում, շատ երիտասարդ էի, ինձ համար դա յուրահատուկ բան էր:

(հարցեր Ալեքսանդր Պետրակովին)

-Ինչպե՞ս եք գնահատում խմբից դուրս գալու մեր շանսերը, ի՞նչ մարզավիճակում են գտնվում մեր ֆուտբոլիստները:
-Ընտրական փուլը նոր է սկսվում, այդ պատճառով բոլորի շանսերը հավասար են: Ֆուտբոլիստների վիճակը նորմալ է: Արդեն կարողացել ենք բոլորին բերել նույն վիճակին: Վաղվա խաղում արդեն կտեսնենք, թե ինչքանով է դա մեզ մոտ ստացվել:

Նախորդ մամուլի ասուլիսի ընթացքում նշեցիք, որ ավելի լավ պատկերացում և կարծիք կազմելու համար Ձեզ պետք կլինի առնվազն 1 հավաք անցկացնել Հայաստանի հավաքականում: Կարող ենք ասել, որ այդ հավաքն արդեն կայացավ: Ձեր առաջին տպավորությունները թիմի հնարավորությունների մասին:
-Ինչպես արդեն ասացի, թիմում վիճակը բավականին նորմալ է: Գրեթե բոլորի հետ առանձնազրույցներ եմ ունեցել, այդ զրույցների վրա ծախսել եմ մոտ 6 ժամ: Դա իմ աշխատելաոճն է՝ փորձել բոլորի հետ ծանոթանալ առանձին-առանձին, հասկանալ ինչպիսի մարդ են, ինչ ընտանիքից են, ինչպիսի մարդկային և անհատական որակներ ունեն: Կարող եմ ասել, որ բոլորի հետ արդեն շատ լավ ծանոթացել եմ և հավաքի ընթացքից ընդհանուր առմամբ շատ գոհ եմ:

Երկար տարիներ թիմի ընդգծված առաջատարը Հենրիխ Մխիթարյանն էր: Արդյո՞ք հիմա կարծում եք, որ Էդուարդ Սպերցյանը կարող է ստանձնել այդ առաջատարի դերը:  Ասացիք, որ խոսել եք տարբեր ֆուտբոլիստների հետ, ի՞նչ տպավորություն եք ստացել Նաիր Տիկնիզյանի հետ զրույցից:
-Առաջին հերթին, չեմ ցանկանում, որ աղավաղվեն իմ խոսքերը: Նրանք հայ ֆուտբոլիստներ են, դրա համար էլ այստեղ են: Ինչ վերաբերում է Սպերցյանին, ապա այո, Հենրիխ Մխիթարյանը երկար տարիներ եղել է թիմի առաջատարը, բայց իմ սկզբունքներն այնպիսին չեն, որպեսզի թիմի խաղը կառուցեմ 1 ֆուտբոլիստի շուրջ: Եթե նա կարողանա առաջատարի որակներ դրսևորել, շատ ավելի լավ, բայց ես կցանկանայի, որ այդ առաջատարների քանակը լիներ շատ ավելի շատ:
Ինչ վերաբերում է Տիկնիզյանին, այո շփվել եմ նրա հետ, շատ լավ տպավորություն եմ ստացել, շատ ինտելեկտուալ, լավ դաստիարակված և զարգացած երիտասարդ ֆուտբոլիստ է:

-Կար Հայաստանի նախկին հավաքական եվ  ներկայիս հավաքական: Ո՞րն է այս երկուսի տարբերությունը:

-Կարծում եմ, որ դուք, որպես մասնագետներ, ավելի լավ կկարողանաք ասել, թե ինչ տարբերություններ կան: Հուսով եմ՝ ինձ երկար ժամանակ կտաք աշխատելու համար, միանգամից չեք հարձակվի ինձ վրա: Չեմ ուզում ասել, որ նախկին հավաքականում վատ ֆուտբոլիստներ են եղել կամ հիմա մեր հավաքականում լավ ֆուտբոլիստներ են: Ես իմ տրամադրության տակ ունեմ երիտասարդ ֆուտբոլիստներ, հավաքականը կենդանի օրգանիզմ է՝ անընդհատ զարգացող: Ժամանակ է պետք հասկանալու համար: Նորից եմ ասում՝ դուք եք մասնագետներ և հավանաբար խաղից հետո ինքներդ արդեն կնկատեք ինչ տարբերություններ կան:

-Վստահ եմ, որ ուսումնասիրել եք Թուրքիայի հավաքականի խաղը: Ինչպիսի ՞ կարծիք ունեք և ի ՞նչ հաղթաթուղթ պիտի ունենանք, որ գերազանցենք նրանց: 
-Հաղթաթղթերի մասին չեմ խոսի, բայց Թուրքիան շատ լավ դրական տպավորություն է թողել որպես հավաքական:

wp-apeth