Կապառոսը, Մխիթարյանն ու Հարոյանը՝ վիճակահանության արդյունքների մասին
Ազգերի Լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ու ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանն ու Վարազդատ Հարոյանն առաջին մեկնաբանություններն են տվել ՀՖՖ պաշտոնական կայքին.
Խոակին Կապառոս. «Հայտնվել ենք բավականին ուժեղ խմբում, որտեղ կա թիմ, որն անցյալ տարի հանդես էր գալիս A լիգայում: Այն, որ մենք մրցելու ենք այդպիսի թիմերի դեմ, նշանակում է, որ մենք ևս որոշակիորեն առաջադիմել ենք և ունենք համապատասխան մակարդակ: Մրցակիցները ֆիզիկապես լավ պատրաստված թիմեր են, որոնց կազմում կան նաև տեխնիկական լավ որակներ ունեցող շատ ֆուտբոլիստներ: Մենք պետք է փորձենք մրցունակ լինել և յուրաքանչյուր խաղում պայքարել հաղթանակի համար: Խմբի ֆավորիտը, բնականաբար, Ուկրաինան է, սակայն Իռլանդիան և Շոտլանդիան նույնպես փորձառու և հմուտ թիմեր են»:
Հենրիխ Մխիթարյան. «Կարծում եմ՝ ամենահեշտ խումբը չէ, բայց մեզ կարող էին և ավելի բարդ մրցակիցներ բաժին հասնել: Իռլանդիային շատ լավ ենք ճանաչում և, կարելի է ասել, «շատ լավ» հիշողություններ ունենք: Շոտլանդիայի դեմ առաջին անգամ ենք խաղալու և նույնպես հեշտ չի լինելու: Ինչ վերաբերում է Ուկրաինայի հավաքականին, 90-ականներին և 2000-ականներին մեր հավաքականը բազմիցս խաղացել է նրանց դեմ՝ անցկացնելով 8 հանդիպում, և չնայած վերջին շրջանում այս թիմի հետ չենք ընդգրկվել միևնույն խմբում, շատ լավ ենք ճանաչում ուկրաինացիներին: Կարծում եմ ու նաև վստահ եմ, որ ունակ ենք պայքարելու այս հավաքականների դեմ և անակնալ մատուցելու նրանց: Եթե կարողանանք պահպանել մեր տեղը B լիգայում, արդեն իսկ վատ արդյունք չի լինի»:
Վարազդատ Հարոյան. «Մեզ համար չկան ուժեղ և թույլ թիմեր, ցանկացած հանդիպման պետք է վերաբերվենք որպես եզրափակչի: Աշխարհի առաջնության ընտրական փուլի մի շարք խաղերում մենք կորցրինք միավորներ, որովհետև թերագնահատել կամ գերագնահատել էինք մրցակիցներին: Այժմ պետք է դասեր քաղենք տեղի ունեցածից: Դժվար խումբ է, բայց կարծում եմ՝ ի զորու ենք յուրաքանչյուր խաղում պայքարելու միավորների համար»: