Ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները 13 մեդալ են նվաճել բանակայինների աշխարհի առաջնությունում
Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները 13 մեդալ են նվաճել Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում ավարտված բանակայինների աշխարհի 35-րդ առաջնությունում:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը՝ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ, մրցավայր էր մեկնել 8 ըմբիշով և նվաճել 8 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե։ Թիմային հաշվարկով մեր ընտրանին գրավել է 3-րդ տեղը։
Բանակայինների ԱԱ-ի հաղթողի կոչմանն է արժանացել Արման Անդրեասյանը (70 կգ)՝ հաղթելով բոլոր գոտեմարտերում և դառնալով ոսկե մեդալակիր: Փոխչեմպիոնի կոչումը նվաճել և արծաթե մեդալներով են պարգևատրվել Հրայր Ալիխանյանը (79 կգ) և Մհեր Մարկոսյանը (86 կգ), իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել Մանվել Խնձրցյանը (57 կգ), Հարություն Մանուկյանը (61 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (92 կգ) և գերծանր քաշային Լյովա Գևորգյանը՝ արժանանալով բրոնզե մեդալների:
Թիմային այս հաջողությունը գրանցել է նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր հավաքականը՝ նվաճած 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալով։
Հունահռոմեականներից ոսկե մեդալների են արժանացել 72 կգ քաշային Կարեն Ասլանյանը և 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը, արծաթե մեդալակիրներ են դարձել 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանն ու գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը: Պատվո հարթակի երրորդ աստիճանին էլ կանգնել է 67 կգ քաշային Սամվել Աղաջանյանը: Բանակայինների աշխարհի առաջնությանը մասնակցել է 21 երկրի 300 մարզիկ։