Եղիկյանն ու Տոնականյանը հաջորդ փուլում են

Եղիկյանն ու Տոնականյանը հաջորդ փուլում են

Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են հաջող ելույթները. հոկտեմբերի 27-ին պայքարի դուրս եկած մեր երկու բռնցքամարտիկներն էլ՝ 48 կգ քաշային Սեյրան Եղիկյանն ու 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, անցել են հաջորդ փուլ:

Աշխարհի առաջնության 1/32-րդ եզրափակչում Եղիկյանը մրցել է Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլա Կորդելլայի հետ: Առաջին ռաունդում մրցակիցն ավելի շատ հարվածներ է հասցրել, և բոլոր մրցավարները նախապատվությունը տվել են Իտալիայի ներկայացուցչին: Երկրորդ ռաունդում մեր մարզիկը բեկել է մենամարտի ընթացքը, իսկ երրորդ՝ վճռորոշ ռաունդում, Եղիկյանի առավելությունն առավել նկատելի է եղել, ինչի արդյունքում վստահ հաղթանակ է տարել:

Եղիկյանը դուրս է եկել ԱԱ-ի 1/16 եզրափակիչ, որտեղ հոկտեմբերի 30-ին կմենամարտի Ղրղզստանի ներկայացուցիչ Տուրկբայի Ուլու Միրլանի հետ:

Ինչ վերաբերում է 60 կգ քաշային Կարեն Տոնականյանին, ապա Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիրը պետք է մրցեր Հնդկաստանի ներկայացուցիչ Սինգ Վարինդերի հետ, բայց մրցակիցը վարակվել է կորոնավիրուսով, ռինգ դուրս չի եկել, և հաղթանակը շնորհվել է մեր բռնցքամարտիկին:

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Հայաստանը երեք ներկայացուցիչ կունենա աշխարհի առաջնությունում. 57 կգ քաշային Արթուր Բազեյանը 1/16 եզրափակչում կմենամարտի չինական Թայբեյի ներկայացուցիչ Չեն Պո-Յիի հետ, 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը 1/16 եզրափակչում ուժերը կչափի Լեհաստանի ներկայացուցիչ Դուրկաչ Դամիանի հետ, իսկ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը 1/16 եզրափակչում կմրցի Ուկրաինայի ներկայացուցիչ Ռոգավա Ցոտնեի հետ:

Հիշեցնենք՝ աշխարհի առաջնության մասնակիցները կմրցեն 13 քաշային կարգերում: Ստուգատեսին հայտավորված է 105 երկրի 650 բռնցքամարտիկ։ ԱԻԲԱ-ի 75-ամյա պատմության մեջ առաջին անգամ բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցանակակիրները կպարգևատրվեն. սահմանվել է 2,6 միլիոն դոլար մրցանակային ֆոնդ։ ԱԱ-ի ոսկե մեդալակիրները կստանան 100, արծաթե մեդալակիրները` 50, իսկ բրոնզե մեդալակիրները` 25 հազարական ԱՄՆ դոլար:

wp-apeth