Երեք բրոնզե մեդալ՝ միջազգային մրցաշարից

Երեք բրոնզե մեդալ՝ միջազգային մրցաշարից

2021 թվականի օգոստոսի 22-ին Սանկտ Պետերբուրգում առաջին անգամ անցկացվել է FIAS president cup (Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահի գավաթ) միջազգային մրցաշարը, որին մասնակցել են բարձր վարկանիշ ունեցող, Սամբոյի աշխարհի ու մայրցամաքների առաջնությունների, Աշխարհի գավաթի հաղթող և մրցանակակիր հանդիսացող ուժեղագույն մարզիկները, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի լրատվական բաժնից:

Մարզական միջոցառմանը պատվիրակություններ էին գործուղել ԱՄՆ-ն, Բելոռուսը, Բուլղարիան, Կամերունը, Հայաստանը, Հունաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մարոկկոն, Մոլդովան, Ռուսաստանը, Սերբիան, Վենեսուելան, Վրաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ֆրանսիան:

Հայաստանը ներկայացնող 4 մարզիկից 3-ը՝ գյումրեցի Գրիգոր Մխիթարյանը՝ 64կգ, արցախցիներ Դավիթ Գրիգորյանը՝ 88կգ և Արման Ավանեսյանը՝ 98կգ քաշային կարգերում, արժանացան բրոնզե մեդալների: Վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը անհաջող ելույթ ունեցավ:

Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում Հայաստանի ընտրանին գրավեց 7-րդ տեղը. առաջինը Ռուսաստանն է, երկրորդը՝ Վրաստանը, երրորդը՝ Հունաստանը:

Ոսկե մեդալակիրները ստացան նաև 10000-ական, արծաթե մեդալակիրները՝ 7000-ական, բրոնզե մեդալակիրները՝ 5000-ական ԱՄՆ դոլար:

Մարզիկներից բացի մրցավայր էին մեկնել նաև մարզիչ Վովիկ Խոջայանը, մրցավար Ազատ Անդրյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 20-ին Սամբոն ՄՕԿ գլխավոր նստաշրջանում ճանաչվել էր օլիմպիական մարզաձև:

wp-apeth