«Չեմպիոնի փոխարեն ֆեդերացիայի նախագահն ուղարկել է որդուն». Սամբիստի հայրն ահազանգում է
Սամբոյի Հայաստանի պատանեկան առաջնության գործող չեմպիոն Աշիկ Անդրեյանի հայրը նամակ է ուղարկել «Հինգշաբթի» պարբերականի խմբագրություն: Նամակում Արմեն Անդրեյանն անդրադարձել է խնդրի, որին բախվել է որդին: Ներկայացնում ենք նամակն առանց խմբագրելու:
«Ուզում եմ խոսել մի տգեղ երևույթի մասին, որն առկա է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայում։ Խոսքը ֆեդերացիայում տիրող անպատժելիության մթնոլորտի մասին է։ Իմ որդին՝ Աշիկ Անդրեյանը, 2021 թվականի փետրվարի 27-ից 28-ը Երևանում մասնակցել է սամբոյի պատանիների առաջնությանը և 58 կգ քաշային կարգում իր բոլոր մրցակիցների նկատմամբ բացարձակ առավելությամբ հաղթանակ գրանցելով՝ դարձել է Հայաստանի առաջնության հաղթող։
Որդիս ոչ միայն հանդիսանում է բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր, այլև 2019 թվականի Եվրոպայի երկրորդ մրցանակակիր է։
2021 թվականին ՀՀ պատանիների առաջնության գործող չեմպիոնը սամբոյի ֆեդերացիայի կողմից ոչ միայն չգնահատվեց, այլև արժանացավ ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանի խտրական վերաբերմունքին։ Աշիկը չընդգրկվեց սամբոյի հավաքականի կազմում և չմեկնեց մասնակցելու 2021 թվականի Եվրոպայի պատանիների առաջնությանը։
Մասնավորելով ասեմ, որ ֆեդերացիայից տեղեկացրել էին, որ Եվրոպա մեկնելու համար հարկավոր է երկու օրվա ընթացքում վճարել 1300 ԱՄՆ դոլար։ Մենք պատրաստ էինք այդ գումարը վճարել, սակայն Մ.Հայրապետյանը, հարցը հետաձգելով ու հստակ պատասխան չտալով, հասավ նրան, որ Աշիկի փոխարեն 58 կգ քաշային կարգով Եվրոպայի առաջնությանը մեկնեց իր որդին, ով նույնիսկ չէր մասնակցել 2021 թվականի սամբոյի Հայաստանի առաջնությանը։ Վերոնշյալ հանգամանքից կարելի է եզրակացնել, որ ֆեդերացիայի նախագահը միտումնավոր է իր տղային տարել Եվրոպայի առաջնությանը, որպեսզի հնարավորություն ունենա լուծել որդու ՀՀ բանակում ծառայության հարցը:
Ս/թ մայիսի 26-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայացած սամբոյի Եվրոպայի պատանիների առաջնության ժամանակ Լևոն Հայրապետյանը անցկացրեց երկու գոտեմարտ, որոնցում միավորների բացարձակ տարբերությամբ խայտառակ պարտություն կրեց։ Արդյունքում Հայաստանի հավաքականը` թիմային ընդհանուր մեդալների հաշվարկով, մեկ հորիզոնականով իր տեղը զիջեց Ադրբեջանի հավաքականին: Հարկ եմ համարում ավելացնել, որ որդուս` Աշիկի պատրաստվածության մակարդակից խոսելիս, և´ որդուս մարզիչը, և´ սամբոյի հավաքականի մարզիչները միանշանակ նշում են, որ Աշիկը առաջնությանը մասնակցելու դեպքում Հայաստանի համար ոսկե մեդալ կբերեր:
Առաջիկայում` հոկտեմբեր ամսին, կայանալու է սամբոյի 2021թ.-ի պատանիների աշխարհի առաջնությունը, որին պարոն Հայրապետյանը որոշել է տանել իր մարզադպրոցի սան և ՀՀ սամբոյի պատանիների առաջնության երկրորդ մրցանակակիր Մարտին Բադալյանին:
Ուզում եմ հասկանալ որք՞ան է սամբոյի ֆեդերացիան աշխատելու նման ոճով: Որքա՞ն է տևելու այս անհանդուրժողականության ու անօրինականության մթնոլորտը։ Դեռ քանի՞ երիտասարդ մարզիկներ են տուժելու սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանի պատճառով: Ո՞վ է հետևողական լինելու այս հարցի արդարացի որոշման համար: Չէ՞ որ միջազգային մրցաշարերում որոշակի հաջողություն գրանցելը ոչ միայն մարզիկի ու մարզիչի պատիվն է, այլև՝ Հայաստանի Հանրապետության»,- ասված է Արմեն Անդրեյանի ուղարկած նամակում:
Պատրաստ ենք լսել ոչ միայն Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի, այնպես էլ ոլորտը համակարգող կառույցի մեկնաբանությունները վերոհիշյալ հարցի հետ կապված: