Հայաստանն ունի 14 ներկայացուցիչ
Ապրիլի 3-ից Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ընթանում է Եվրոպայի ծանրամարտի տղամարդկանց 99-րդ և կանանց 33-րդ առաջնությունը․ շուրջ 360 մարզիկ պայքարում է 20 մեդալային հավաքածուի համար:
Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Հայաստանն ունի 14 ներկայացուցիչ՝ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ) և Գոռ Մինասյանը (+109 կգ), կանանց թիմում ընդգրկված են Իզաբելա Յայլյանը (55 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթև Հակոբյանը (87 կգ) և Արփինե Դալալյանը (+87 կգ):
Հայ մարզիկներից երկուսն արդեն ավարտել են ելույթները: Կանանց 55 կգ քաշային կարգում Իզաբելա Յայլյանը պոկում վարժությունում գրանցել է 90 կգ արդյունք՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ, իսկ հրում վարժությունն ավարտել է 105 կգ ցուցանիշով. երկամարտի 195 կգ արդյունքով Յայլյանը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը:
Տղամարդկանց առաջնությունում հայ մարզիկներից առաջինը պայքարի է դուրս եկել Ռաֆիկ Հարությունյանը, որը հանդես է եկել 81 կգ քաշային կարգի B խմբում: Երկամարտի 346 կգ արդյունքով (150 կգ + 196 կգ) Հարությունյանը B խմբում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Բացի դրանից՝ հրում վարժությունում գրանցած արդյունքով հայ ծանրորդը երիտասարդների ռեկորդ է սահմանել և փոքր բրոնզե մեդալ նվաճել:
Ապրիլի 8-ին հայ ծանրորդներից պայքարի են դուրս գալու Անդրանիկ Կարապետյանն ու Կարեն Ավագյանը, որոնք հանդես են գալու 89 կգ քաշային կարգում:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր աշխատանքային այցով մեկնել են Մոսկվա, որի շրջանակում մրցավայրից հետևելու են հայ ծանրորդների ելույթներին:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti