Նեյմարը, Տուխելն ու «Պարի Սեն Ժերմենը». Ով ու ինչքան է վաստակում Ֆրանսիայում
Ֆրանսիական ակումբային ֆուտբոլի էլիտայում հանդես եկող խաղացողներից ամենաշատը վաստակում է «Պարի Սեն Ժերմենի» բրազիլացի խաղացող Նեյմարը:
Վերջինս ամսական ստանում է 2.6 միլիոն ֆունտ չհաշված հարկերը: Բրազիլացին այս ցուցանիշով առաջ է անգամ Կիլիան Մբապեից:
Թեմային անդրադարձել է ֆրանսիական L’Equipe պարբերականը որը հրապարակել է Ֆրանսիայի առաջնությունում հանդես եկող ամենաբարձր վարձատրվող խաղացողների ցանկը:
Աղյուսակը գլխավորում է Նեյմարը՝ ամսական 2.6 միլիոն ֆունտ աշխատավարձով: Ստացվում է՝ բրազիլացին շաբաթական ստանում է մոտ 600 հազար ֆունտ գումար: Նրա մոտակա մրցակիցը Մբապեն է: 21-ամյա ֆուտբոլիստի շաբաթական աշխատավարձը հասնում է մոտ 375 հազար ֆունտի: Նշված թվերում ներառված չեն բոնուսները:
Ֆրանսիայի էլիտար լիգայի ամենաբարձր վարձատրվող խաղացողների ցուցակում առաջին 11-ը ներկայացնում են հենց Տոմաս Տուխելի գլխավորած թիմը: Փարիզյան ակումբն այս ցուցանիշով առաջ է իր բոլոր մրցակիցներից ու ամենևին զարմանալի չէ, որ տարբերությունը «Պարի Սեն ժերմենի» ու մնացածի միջև արտահայտվում է նաև մրցաշարային աղյուսակում: Բավական է նշել, որ «Փարիզը» առաջ է նույն «Մարսելից» 12 միավորով:
Ըստ աղբյուրի՝ Կավանին, Մարկինյոսը, Տիագո Սիլվան, Մարկո Վերատին, Անխել Դի Մարիան ու Կելյորը Նավասը ամսական վաստակում են 1 միլիոն եվրո, մինչդեռ Վիսամ Բեն Յեդերը «Մոնակոյից» (շաբաթական 127 հազար ֆունտ) ամենաշատն է վաստակում մնացածից:
Անգլիայի Պրեմիեր լիգայում երկար տարիներ հանդես եկած Անդեր Էրերան («Պարի Սեն Ժերմեն», 127 հազար ֆունտ շաբաթական), Սեսկ Ֆաբրեգասը («Մոնակո», 117 հազար ֆունտ շաբաթական), Դմիտրի Պայետը («Մարսել», 98 հազար ֆունտ), Իդրիսա Գուեյը («Պարի Սեն Ժերմեն», 98 հազար ֆունտ) և Տիմուե Բակայոկոն («Մոնակո», 88 հազար ֆունտ) առաջին 20-ի մեջ են:
Լիոնի «Օլիմպիկի» ամենաբարձր վարձատրվող խաղացողը Մեմֆիս Դեպայն է, որը շաբաթական վաստակում է 88 հազար ֆունտ: Ինչ վերաբերում է ցուցակի ստորին հատվածին, ապա այն եզրափակում է «Թուլուզի» ամենաբարձր վարձատրվող խաղացողը՝ Մաքս-Ալան Գրադելն է՝ շաբաթական 37 հազար ֆունտ աշխատավարձով:
Ֆրանսիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող մարզիչը Տոմաս Տուխելն է: Գերմանացին շաբաթական աշխատում է 120 հազար ֆունտ: Վերջինս շաբաթական 40 հազար ֆունտով ավելի է վաստակում, քան մոտակա մրցակից Անդրե Վիլաշ-Բոաշը «Մարսելում»: