Հայկական ակումբները ստացել են ՈւԵՖԱ-ի «համերաշխության վճարները»
2019 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն կայացրել էր որոշում՝ ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի՝ 2018/19 մրցաշրջանի համերաշխության վճարներից ՀՖՖ-ին հասանելիք 388 հազար 927 Եվրոն ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության մասնակից 10 ակումբների միջև անհավասարաչափ (տոկոսային հարաբերությամբ՝ կախված ակումբների մանկապատանեկան սեկտորի վրա ծախսված գումարների հարաբերակցությունից) բաշխելու վերաբերյալ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Ավելի ուշ՝ 2020 թվականի հունվարի 24-ին, ՈՒԵՖԱ-ն ՀՖՖ-ին տեղեկացրել է, որ նույն մրցաշրջանի համար նախատեսված համերաշխության վճարներն ավելացել են, և ՀՖՖ-ի բաժինը կազմել է 502 հազար 788 Եվրո: Հաշվի առնելով այս փոփոխությունը՝ ՀՖՖ-ն որոշում է կայացրել Գործադիր կոմիտեի որոշման հիման վրա՝ վերոնշյալ նույն սկզբունքով, ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբների միջև բաժանել 502 հազար 788 Եվրո գումարը: Ավելին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Երևան ՖԱ»-ն դադարեցրել է ելույթները ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունում, «Երևան ՖԱ»-ին հասանելիք գումարը նույնպես համամասնորեն բաժանվել է մնացած 9 ակումբների միջև:
Արդյունքում, ՀՀ Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության մասնակից ակումբների մասնաբաժինը կազմել է՝
- Փյունիկ ՖԱ — 107,000 Եվրո
- ՖԱ Ուրարտու — 84,000 Եվրո
- Շիրակ ՖԱ — 56,500 Եվրո
- Վանաձորի ֆուտոլի ակադեմիա — 46,000 Եվրո
- Արարատ ՖԱ — 44,600 Եվրո
- Արարատ-Արմենիա ՖԱ — 44,500 Եվրո
- Ալաշկերտ ՖԱ — 44,400 Եվրո
- Գանձասար-Կապան ՖԱ — 39,000 Եվրո
- Նոա ՖԱ — 36,788
ՀՖՖ-ն ՈՒԵՖԱ-ից ստացել է վերոնշյալ գումարները ս․թ․ մարտի 24-ին և նույն օրը փոխանցել է ակումբների բանկային հաշիվներին: