Գյումրիում թմրամիջոց են հայտնաբերել
ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 24-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Գյումրիի Արամ Խաչատրյան փողոցի 50-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում:
Նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, կասկածվողը Գյումրիի Մինաս Ավետիսյան փողոցից բերման է ենթարկվել ոստիկանության Ախուրյանի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնավուն հեղուկով 5 մլ տարողությամբ ներարկիչ:
Ըստ բերման ենթարկվածի` ներարկիչում թմրամիջոց է, ինքն է պատրաստել իր օգտագործման համար` պիրալգինի, բենզինի և այլ նյութերի խառնուրդից:
- Թմրամիջոցն առգրավվել է:
- Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
- Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: