Վարչապետի աշխատակազմին տեղափոխող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Վարչապետի աշխատակազմին տեղափոխող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի այսօր առավոտյան տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, գրել է news.am-ը:

«Պահպանելով անմեղության կանխավարկածի կանոնը՝ տեղեկացնեմ, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտոբուսի վթարման դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի հատկանիշներով։ Նախնական տվյալներով երթևեկության ընթացքում բախում է տեղի ունեցել ուղևորափոխադրող ավտոբուսի և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի միջև, որի պատճառով ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը և բախվել անկյունային բետոնե բաժանարարին։ Ավտովթարի հետևանքով ավտոբուսի վարորդը, ինչպես նաև 13 ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածներով տեղափոխվել են բուժհաստատություններ։

Իրականացվում են անհրաժեշտ քննչական, վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ բախվել են BMW-ն ու ՀՀ կառավարության հաշվեկշռում հաշվառված Hyundai ավտոբուսը. վերջինս բախվել է ճանապարհը կարգավորող ցուցանակին ու բետոնե հատվածին․ կա 13 վիրավոր:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 7-ին ժամը 08:35-ին ահազանգ էր ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, բախվել են «Hyundai» մակնիշի ավտոբուսը և «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Հ.). ավտոբուսը բախվել է ճանապարհի արգելապատնեշին, կան տուժածներ։ Տուժածներ Շ. Ա.-ն (ծնված 1962 թ.) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, Ս. Բ.-ն (ծնված 1956 թ.) և Գ. Ն.-ն (ծնված 1969 թ.)՝ «Էրեբունի» ԲԿ և ևս 8 հոգի՝ «Արմենիա» ՀԲԿ։

wp-apeth