Փրկարարները 406 կանչի են արձագանքել
Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 406 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:
Անցած շաբաթ 67 հրդեհ է գրանցվել՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 20 կեղծ ահազանգ:
Անցած շաբաթ փրկարարները 130 կենցաղային կանչ են ստացել, որից ավելի քան 70-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Նոր նորք, Շենգավիթ, Կենտրոն, Դավիթաշեն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Շիրակ վարչական շրջաններում, Վայոց ձորում, Արմավիրում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված 25 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 42 մարդ:
Անցած շաբաթ փրկարարները հրդեհային անտարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Հրդեհաշիջման եւ տարհանման աշխատանքների կազմակերպումը ալրաղացի պահեստում», «Դպրոցում հրդեհի մարում եւ անձնակազմի տարհանում», «Ուժեղ երկրաշարժի դեպքում տարհանման միջոցառումների կազմակերպում եւ իրականացում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: