Զինամթերքի վնասազերծումը շարունակվում է

Զինամթերքի վնասազերծումը շարունակվում է

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ 2021 թվականի նոյեմբերի 8-14-ը ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 757 զանգ:

Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք: Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 34, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 19 կանչ: Փրկարարները կատարել են դռան 5 եւ վերելակի 1 բացում, առողջական խնդիր ունեցող 4 քաղաքացու տեղափոխել են բուժհաստատություն, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 3 ելք։ Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի 6 կենցաղային կանչերի։

Շաբաթվա ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 2 պատահար, որոնց հետեւանքով բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման եւ դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ: Անցած շաբաթվա ընթացքում հայտնաբերվել եւ վնասազերծվել է կասետային 2 հրթիռ, թնդանոթի 49 արկ եւ 3 հրթիռ:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը անցած շաբաթ զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ չեն կատարել: Աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ: 2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսած Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների եւ Ադրբեջանի հետ դիերի փոխանակման արդյունքում՝ մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1697 աճյուն, որոնց թվում նաեւ քաղաքացիական անձինք են:

wp-apeth