Մնացել է բեռնատարների միջնամասում

Մնացել է բեռնատարների միջնամասում

2021թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 07:45-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի 39-ամյա բնակիչը, վարելով «Զիլ» մակնիշի վերամբարձ կռունկ բեռնատար ավտոմեքենան, ուղևորվել է Էջմիածին քաղաքից դեպի Արտիմետ գյուղ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատված, որտեղ կայանված է եղել 38-ամյա տղամարդուն պատկանող «Իվեկո» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից:

«39-ամյա տղամարդը վերամբարձ կռունկ ավտոմեքենայով փորձել է հետընթաց կատարել և մոտենալ «Իվեկո» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի հետնամասին, որպեսզի կարողանա բեռնատարում գտնվող «Վոլվո» մակնիշի բեռնատար ավտոմեքենան իջեցնել և կայանել այդ հատվածում: Սակայն այդ ընթացքում «Իվեկո» բեռնատար ավտոմեքենայի վարորդը՝ Արարատի մարզի 65-ամյա բնակիչը, անսպասելի հայտնվել է կայանված բեռնատար և հետընթաց կատարող վերամբարձ կռունկ ավտոմեքենաների միջև, որի ժամանակ էլ վերամբարձ կռունկ ավտոմեքենայի վարորդը, չնկատելով վերջինիս՝ վրաերթի է ենթարկել: 65-ամյա տղամարդը, մնալով բեռնատար ավտոմեքենաների միջնամասում, ստացել է մարմնական վնասվածքներ և ժամը 08:10-ին տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth