Հրդեհ «Խոսրովի անտառի» տարածքում
Օգոստոսի 25-ին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցում են 7 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության 4 աշխատակից։
Հիշեցնենք, որ Օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա բուսածածկույթ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։28-ին։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են փրկարար ծառայության 44 ծառայող, Գառնի համայնքի 100 բնակիչ՝ համայնքի ղեկավարի գլխավորությամբ, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 50 աշխատակից՝ տնօրենի գլխավորությամբ։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել Գառնի համայնքի 3 «Ural», 4 «ZIL 131», 7 «UAZ», 4 «GAZ 66», 10 «VAZ-2121», «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 7 «UAZ» ավտոմեքենա և 10 սրսկիչ (20 լ):
Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրենի տեղակալներ՝ փ/ծ գնդապետ Կ․ Մանուկյանը, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, Կոտայքի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի 4 աշխատակցի և 7 հրշեջ-փրկարարի կողմից սահմանվել է հերթապահություն: