Ապրիլի արտակարգ դեպքերը

Ապրիլի արտակարգ դեպքերը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2021 թվականի ապրիլին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

2021 թվականի ապրիլին փրկարարներն իրականացրել են 2133 ելք՝ 1011-ով ավելի քան 2020-ի ապրիլին: 949 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 625՝ կենցաղային կանչ, 198՝ կեղծ ահազանգ, 361՝ այլ դեպք: Արտակարգ դեպքերից ու պատահարներից զոհվել է 628, տուժել` 23 046 մարդ: Փրկարարները 16 մարդու կյանք են փրկել: 2020 թվականի մարտից հանրապետությունում տարածված նոր կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, արձանագրվել է զոհվածների եւ տուժածների թվաքանակի կտրուկ աճ՝ համապատասխանաբար 583-ով եւ 20 834-ով:

Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում, 2021 թվականի ապրիլին եւս, արտակարգ դեպքերի զգալի մասը՝ 89,9 տոկոսը, հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 633 ահազանգ (2020 թվականի ապրիլին` 364 ահազանգ), հրդեհ է գրանցվել 439 դեպքում (2020 թվականի ապրիլին՝ 208 դեպք): 92 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ (2020 թվականի ապրիլին՝ 91): 75 դեպքում՝ հրդեհի բռնկման սպառնալիքը եւ ծխապատ գոտին, 23 դեպքում՝ հսկողությամբ իրականացվող այրումը, 4 դեպքում` աղբաոչնչացման համար նախատեսված վայրում այրումը հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին:

Ապրիլին հրդեհների 63,6 տոկոսը՝ 279 դեպք, գրանցվել է քաղաքներում, 36,4 տոկոսը կամ 160 դեպք` գյուղերում: Նախորդ տարվա ապրիլի համեմատությամբ քաղաքային հրդեհների քանակն աճել է 101-ով, գյուղական հրդեհներինը՝ 130-ով:

Երեւանում գրանցվել է 141 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը՝ 62, ամենաքիչը՝ Վայոց ձորը՝ 8: Ըստ համայնքների. ամենաշատը տուժել են Կոտայքի քաղաքներն ու Արարատի գյուղերը՝ 34-ական հրդեհ: Ամենաքիչը տուժել են Վայոց ձորի քաղաքները՝ մեկ հրդեհ եւ Շիրակի գյուղերը՝ չորս հրդեհ:

Ապրիլին հրդեհների առավելագույն քանակը գրանցվել է բուսածածկ տարածքներում՝ 42,8 տոկոս կամ 188 դեպք: Բացի սրանից կրակի բաժին են դարձել. աղբ՝ 46, բնակելի շենք՝ 43, առանձնատուն՝ 38, տրանսպորտային միջոց՝ 30, տնակ-ավտոտնակ՝ 30 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2021 թվականի ապրիլին փրկարարները ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 347 ահազանգ են ստացել` 143-ով ավելի քան 2020 թվականի ապրիլին: ՃՏՊ-ներից զոհվել է 21, տուժել՝ 486: 2020 թվականի ապրիլի համեմատությամբ, զոհվածների թվաքանակը աճել է 9-ով, տուժածներինը՝ 184-ով:

ՃՏՊ-ների գրեթե կեսը՝ 47,3 տոկոս կամ 164 դեպք, բախումներն են: 85 դեպք՝ մարդկանց վրաերթ, 38 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 60 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ:

Թունավորում

Հաշվետու ժամանակահատվածում փրկարարները թունավորումների մասին 220 ահազանգ են ստացել: Թունավորումներից զոհվել է 5, տուժել՝ 289 մարդ: 2020 թվականի ապրիլի համեմատությամբ, թոււնավորման դեպքերի, դրանցից տուժածների թվաքանակները նվազել են՝ համապատասխանաբար 151-ով եւ 114-ով (28.3%-ով), իսկ զոհվածներինը թվաքանակն աճել է 4-ով:

Թունավորումների առավելագույն ցուցանիշը գրանցվել է մայրաքաղաքում՝ 86 դեպք: Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը՝ 54, ամենաքիչը՝ Արագածոտնն ու Վայոց ձոր՝ մեկական: Թունավորումների հիմնական պատճառներն են. քիմիական նյութեր՝ 65, ալկոհոլ՝ 44, դեղորայք՝ 29, շմոլ գազ՝ 26, սննդամթերք՝ 8, բնական գազ՝ 3 եւ այլն:

Կորոնավիրուս

2020 թվականի մարտից Հայաստանում բռնկված նոր կորոնավիրուսի համաճարակից, 2021 թվականի ապրիլին զոհվել է 595, տուժել՝ 22 265 մարդ:

Այլ դեպքեր

2021 թվականի ապրիլին հանրապետությունում գրանցվել է 18 փլուզում, 4 պայթյուն, էլեկտրաէներգետիկական եւ կապի համակարգ մեկ վթար, 19 ուժեղ քամի, վայրի կենդանիների 11 հարձակում, 4 քարաթափում, 4 ուժեղ կարկուտ, 3 հեղեղում, մեկական ձնահյուս, հողասահք, ջրահեղձում, անասնահամաճարակ եւ այլն:

wp-apeth