Հրազենի գործադրմամբ սպանություն Տափերական գյուղում. մեկ անձ ձերբակալվել է
Ապրիլի 12-ի գիշերը «Մասիս» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 43-ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով։ Շտապօգնության խումբը կանչով մեկնել էր Արտաշատ քաղաքի Լուսինյան փողոցի տներից մեկը։ Տղամարդը դեռ ողջ էր. մահացել է հիվանդանոցի ճանապարհին, հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով։ Բուժհաստատություն մեկնած Արտաշատի քրեական հետախույզները, համագործակցելով մարզային ոստիկանության և Արարատի բաժնի ծառայողների հետ, ժամերի ընթացքում պարզել են կատարվածի մի շարք հանգամանքներ։ Նախ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տղամարդը հրազենային վնասվածքը ստացել էր ոչ թե Արտաշատում, այլ Արարատի մարզի Տափերական գյուղում։ Այդտեղ մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել, որի ընթացքում հնչել էին կրակոցներ։ Հրազենային վնասվածք ստացած տղամարդուն ընկերները հիվանդանոց հասցնելու փոխարեն տարել էին Արտաշատ՝ ազգականի տուն, որտեղ փորձել էին, այսպես ասած՝ տնային պայմաններում դադարեցնել արնահոսությունը։
Որոշ ժամանակ անց, տեսնելով, որ արնահոսությունը չի դադարում, զանգել էին շտապօգնություն, բայց տղամարդը հիվանդանոց չհասած՝ մահացել էր։ Դեպքի վայրում՝ Տափերական գյուղի համայնքապետարանի մոտ, իրավապահները հայտնաբերել են ատրճանակի կոթի դետալ, կրակված պարկուճներ, գնդակ, արնանման հետքեր և այլն։ Մարզի քրեական հետախույզները համատեղ միջոցառումներով հայտնաբերել ենն նաև կասկածվողին։
Տափերականի 25-ամյա բնակիչը հենց Տափերականից բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին, ապա ներկայացվել Արարատի մարզային քննչական վարչություն ու ձերբակալվել։ Ի դեպ, նշված միջադեպի մասնակիցներից մեկն էլ դանակահարված վիճակում տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են՝ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործության գործիքները հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 13-ից 14-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 10, խարդախության` 7, ծեծի և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, պետական, հասարակական ունեցվածքի գողության, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, դրամանենգության, անառակաբարո գործողություններ կատարելու, սպանության սպառնալիքի և բնակարանային գողության 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող և 1 անհետ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 3, մարմնական վնասվածք հասցնելու, սպանության, կողոպուտի և խարդախության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
- Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Ապրիլի 13-ին, ժամը 19.30-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում իրար են բախվել «Ֆորդ» և երկու «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտաներից» մեկի 60-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 13-ին, ժամը 20.45-ին, Երևանի Թամանցիների փողոցում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21014-ի» 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 13-ին, ժամը 12.45-ին, Երևանի Բաբայան և Ուլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 22-ամյա վարորդը և 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 13-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արարատի մարզի Երնջատափ-Հարթավան գյուղամիջյան ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 60-ամյա վարորդը և 50-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 13-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության-Երևանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 13-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Լերմոնտովի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի ընթացքի ժամանակ 27-ամյա ուղևորն ընկել է մեքենայից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի-Հացավան գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106-ի» 30-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
- Արմավիրի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել
Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիր քաղաքի Գայի փողոցի 36-ամյա մի բնակիչ Նորապատ գյուղի մի տնից գողություն է արել:
Ապրիլի 11-ին, ժամը 12-ի սահմաններում, քրեական հետախույզները տեղեկություններն իրացնելով` կասկածվողին բերման ենթարկեցին ոստիկանության Արմավիրի բաժին: Պարզվել է, որ նա մարտի 17-ի երեկոյան, օգտվելով տանտերերի բացակայությունից, պատուհանով մտել է Նորապատ գյուղի տներից մեկը, այնուհետև նաև ավտոտնակ ու գողացել տնտեսական ապրանքներ:
Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն: Հանգամանքները պարզվում են: Միջոցառումներ են ձեռնարկվում` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: