Կորոնավիրուսը հիվանդի վրա նույնքան արագ է ազդում, որքան տարածվում է ամբողջ երկրով

Կորոնավիրուսը հիվանդի վրա նույնքան արագ է ազդում, որքան տարածվում է ամբողջ երկրով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ընդունարանի տնօրեն, անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ Կարեն Տոնոյանի հետ անցկացրել է ճեպազրույց:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ընդունարանի տնօրեն, անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ Կարեն Տոնոյանն ասել է, որ իրեն հաջողվել է հաղթահարել կորոնավիրուսը, բայց վարակի դեմ իր պայքարը դեռ ավարտված չէ: «Ես պայքարելու եմ այնքան ժամանակ, մինչև այս վարակի սպառնալիքն ամբողջությամբ չեզոքացվի: Սկզբում դա շատ դժվար էր ու մենք չգիտեինք՝ ինչպես պայքարել կորոնավիրուսի դեմ, անընդհատ սովորում էինք, պարզում թույլ կողմերը, բայց խուճապի մեջ ընկանք առաջին վարակվածին տեսնելիս»,- նշել է նա: Բժշկի խոսքով՝ կորոնավիրուսը հիվանդի վրա նույնքան արագ է ազդում, որքան տարածվում է ամբողջ երկրով: Տոնոյանը բոլորին հորդորել է միավորվել ու միասին պայքարել այս վարակի դեմ, ինչպես դա անում էին մեր զինվորները ռազմի դաշտում:

Արմեն Մարտիրոսյանը, ում հայրը՝ Աքիլես Մարտիրոսյանը, հունիսի 19-ին 77 տարեկանում մահացել է կորոնավիրուսից, նշել է. «Ասել, որ կորոնավիրուսն անվտանգ է, համարժեք է նրան, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ասեին՝ ադրբեջանցի զինվորը կամ անօդաչու թռչող սարքը վտանգ չի ներկայացնում: 4.5 ամիս ես չեմ շփվել հարազատներիս հետ, սակայն, միևնույն է, չեմ կարողացել ապահովել պայմաններ, որպեսզի նրանք, ովքեր չեն պահպանում անվտանգության կանոնները, նույնպես չշփվեն ընտանիքիս հետ: Դա հանգեցրել է նրան, որ իմ ամբողջ ընտանիքը և եղբորս ընտանիքում գրեթե բոլորը վարակվել են, իսկ եղբայրս այժմ գտնվում է հիվանդանոցում: Իմ օրինակն այն մասին է, որ եթե անգամ մենք ինքներս հետևում ենք կանոններին, միևնույն է հանդուրժում ենք նրանց, ովքեր չեն պահպանում դրանք, և խնդիրը չի լուծվում»:

wp-apeth