Կանոնները կխստացվեն. Հայաստանը 1 միլիոն բնակչին ընկնող վարակվածների և ամենօրյա նոր վարակների թվով առաջատարներից է աշխարհում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ընդունարանի տնօրեն, անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ Կարեն Տոնոյանի հետ անցկացրել է ճեպազրույց:
Վարչապետը նշել է, որ պարետատունը քննարկել է Հայաստանում համաճարակային իրավիճակը և եկել այն եզրակացության, որ չկա այլընտրանք ու առաջիկայում պետք է գնալ հակահամաճարակային կանոնների խստացման։ «Քանի դեռ թվերի փոփոխություն չունենք, քանի դեռ հակառակ դինամիկա չենք արձանագրել, պետք է գնանք խստացման կանոններով, ընդ որում՝ այդ խստացումների փաթեթը կարող է ամենատարբեր ուղղություններն ունենալ»,— ասել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանում հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերը սկսել են առավել ցայտուն արտահայտվել։ «Գիտեք, որ ունենք քրեական գործ հակահամաճարակային կանոնի խախտման դեպքի առթիվ, երբ դրական ախտորոշմամբ քաղաքացին տաքսի վարելով է զբաղվել, իրավապահներն արձանագրել են և քրեական գործ են հարուցել այդ փաստի կապակցությամբ»,- նշել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը ցավով նշել է, որ Հայաստանը կորոնավիրուսային համաճարակի ցուցանիշների առումով նոր հակառեկորդներ է սահմանում։ «Այսօր Հայաստանի Հանրապետությունը 1 միլիոն բնակչին ընկնող վարակվածների և ամենօրյա նոր վարակների թվով առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում։ Սա մեծ խնդիր է մեզ համար, բոլորիս համար, բայց կա մեկ շատ ավելի կարևոր խնդիր, որից, մեր կարծիքով, բխում է այս երկրորդ խնդիրը. իրավիճակի գիտակցումը և տրամադրությունը Հայաստանի Հանրապետությունում չկա, որովհետև հիմա այս պայմաններում մեր երկրում պետք է լիներ մի իրավիճակ, որ երկրի երեք միլիոն բնակչությունը ամբողջությամբ ամենօրյա ռեժիմով պայքարում է համավարակի դեմ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը նշել է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով հարուցված վարչական իրավախախտումների ընթացակարգը մոտենում է այն փուլին, երբ դիմակ կրելու կանոնները խախտելու համար արձանագրված տուգանքները պետք է սկսեն բռնագանձվել։ «Քննարկում ենք նաև օրենսդրական այնպիսի փոփոխություններ մտցնելը, որով տուգանքի նշանակումից մինչև գանձելու պահը առավել կարճ կտևի։ Նորից եմ ասում, որ այս միջոցներին գնում ենք ոչ թե քաղաքացիներին տուգանելու համար, քավ լիցի, մեր խնդիրը չէ որևէ մեկին տուգանելը, այլ պարզապես ուզում ենք ասել, որ մեզնից յուրաքանչյուրն ունի չտուգանվելու հնարավորություն և նույնիսկ երաշխիք, և այդ երաշխիքը հակահամաճարակային կանոնների պահպանումն է»,— նշել է վարչապետը: