Համաժամանակյա ստուգայց՝ 5 վարչական շրջանի «Երևան Սիթի» սուպերմարկետներում․ ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել

Համաժամանակյա ստուգայց՝ 5 վարչական շրջանի «Երևան Սիթի» սուպերմարկետներում․ ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակել են մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Միաժամանակ, համաժամանակյա անակնկալ ստուգայցեր են անցկացվել մայրաքաղաքի միանգամից 5 վարչական շրջանում՝ Կենտրոնում, Մալաթիա-Սեբաստիայում, Քանաքեռ-Զեյթունում, Էրեբունիում և Շենգավիթում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետներում՝ պարզելու՝ որքանով են պահպանվում ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերը։ Առևտրի այս կենտրոնների մի մասի վերաբերյալ ԱԱՏՄ-ն ահազանգեր է ստացել քաղաքացիներից նաև «թեժ գծով», նշված է ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում:

Անակնկալ ստուգայցերը ցույց են տվել, որ պարետի որոշումներով սահմանված նորմերը թե «Երևան Սիթի» սուպերմարկետների, թե որոշ այլ տնտեսավարողների կողմից պահպանվում են ոչ լիարժեք. արձանագրվել են ջերմաչափման, ախտահանման աշխատանքների գրանցումների, ախտահանիչ լուծույթների կիրառման հետ կապված և մի շարք այլ խնդիրներ։

Խախտված են եղել ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացնելու պահանջները: Մասնավորապես, որոշ խանութներում չեն եղել գրառումներ ախտահանման աշխատանքների, ախտահանիչ լուծույթների պահաժամի վերաբերյալ։ Տեսանելի վայրում փակցված չեն եղել պարետի որոշմամբ սահմանված իրազեկման թերթիկները, վաճառքի տաղավարների մոտ բացակայել են գծանշումները։ Որոշ տնտեսավարողներ օգտագործել են ախտահանիչ լուծույթներ, որոնք չեն համապատասխանել համավարակի պայմաններում սահմանված պայմաններին։

Արձանագրված խախտումների հիմքով մի շարք տնտեսավարողների կասեցման միջնորդություններ կուղարկվեն պարետին։  Նշվում է նաև. որ թեև վերջին օրերի մեծածավալ աշխատանքները վկայում են, որ տնտեսավարողներն առավել բարեխիղճ են դարձել, սակայն զուգահեռ, ցավոք արձանագրվում են նաև կրկնախախտման դեպքեր։

ՍԱՏՄ անակնկալ ստուգայցի թիրախում «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցն էր. խախտումներ արձանագրվել են

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր մշտադիտարկումներ են անցկացրել մայրաքաղաքի «Երևան Սիթի» ս/մ ցանցի մասնաճյուղերում:

Խախտումներ արձանագրվել են գրեթե բոլորում: Դրանք հիմնականում կապված են եղել ջերմաչափման գրանցամատյանների տվյալների թերիության, դիմակները ոչ պատշաճ կրելու, երբեմն նաև՝ մարդկանց կուտակումների, ձեռնոցների ու դիմակների համար նախատեսված փակ աղբամանների բացակայության հետ: Դրականորեն արձանագրվել է, որ ցանցի խանութներից շատերում նշանակված են հերթերը հսկող և կուտակումներ թույլ չտվող հատուկ աշխատակիցներ:  Թերացումներ են հայտնաբերվել նաև «Երևան Սիթի» խանութներում գործող հացի արտադրամասերում. որոշներում բացակայել է ախտահանման գրանցամատյանը, մի քանիսում բավարար քանակությամբ չեն եղել ձեռնոցների ու դիմակների համար նախատեսված փակ աղբամանները, իսկ մի քանիսում աշխատակիցները եղել են առանց դիմակի:

ՍԱՏՄ տեսուչների կողմից խստացված ստուգայցեր անցկացվել են հանրապետության բոլոր մարզերում:

wp-apeth