Արմավիրը՝ ստուգայցերի թիրախ

Արմավիրը՝ ստուգայցերի թիրախ

ՍԱՏՄ ուժեղացված ստուգայցերի թիրախն այսօր Արմավիր քաղաքն էր. կասեցվել է խախտումներ գրանցած կազմակերպությունների աշխատանքը

Պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունն այսօր առավել խստացված ու թիրախային բնույթ է կրել Արմավիրի մարզում, մասնավորապես՝ Արմավիր քաղաքում գործող հանրային սննդի կետերում, խանութներում և արտադրական կազմակերպություններում:

Խախտումների նվազումը նկատելի էր նաև այս մարզում: Հանրային սննդի կետերից և խանութներից մեկում ՍԱՏՄ տեսուչների ամենամանրակրկիտ դիտարկումն անգամ որևէ թերացում չի հայտնաբերել: Ավելին՝ խանութում ջերմաչափում էին բոլոր հաճախորդներին, ինչը, պարետի որոշմամբ, իրացման ցանցի համար պարտադիր չէ: Այդուհանդերձ, մի շարք տնտեսավարողների մոտ բացթողումներ հայտնաբերվել են՝ հիմնականում կապված գրանցամատյանների թերի լրացման հետ:

ՍԱՏՄ մասնագետների կողմից ստուգայցեր անցկացվել են հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում: Այսօր նաև հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է մի քանի տասնյակ սննդի շղթայում գործող կազմակերպությունների գործունեությունը: Ավելի վաղ նրանց մոտ հայտնաբերվել էին պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել, չեն վարել ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյաններ, չեն ապահովել սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը և այլն: Տեսչական մարմնինը տնտեսավարողներին աջակցում է խորհրդատվությամբ, ցուցումներով, ինչպես նաև հիշեցնում կրկնակի խախտումների պարագայում սպասվող ավելի խիստ պատժամիջոցների մասին:

Լայնածավալ մշտադիտարկումներ և վերահսկողություն Արմավիրի մարզում և Նոր Նորք վարչական շրջանում․ ՔՏՀԱՏՄ

ՀՀ պարետի N 110 որոշման համաձայն՝ հունիսի 19-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայության հետ համատեղ լայնածավալ հսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Արմավիրի մարզում և Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։ Վաղ առավոտից դիտարկվել են ավելի քան ինը տասնյակի հասնող տրանսպորտային միջոցներ։

Կատարված ուսումնասիրությունների և վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնների խախտումների ու թերացումների տարաբնույթ դեպքեր։ Հայտնաբերվել են առավել կրկնվող հետևյալ բնույթի խախտումներ՝ երթուղիներում ախտահանիչ հեղուկի բացակայություն, գերբեռնված փոխադրում, առանց դիմակի ուղևոր, առանց դիմակի վարորդ, կանգնած ուղևոր։
Տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում՝ վարորդի կողքին ուղևորի նստեցում, առանց դիմակի ուղևոր, առանց դիմակի վարորդ։

Հայտնաբերված խախտումների հիմքով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ, իսկ մնացած թերությունների դեպքում տեղում իրականացվել են բացատրական և իրազեկման լայնածավալ աշխատանքներ։ Վերջին օրերին Տեսչական մարմնի կողմից իրականացված մշտադիտարկումների արդյունքներով արձանագրվել է խախտումների թվաքանակի նվազում։ Խախտումները բացառելու կամ հնարավորինս նվազագույնին հասցնելու նպատակով ՔՏՀԱՏՄ մասնագետների կողմից ամենօրյա մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքները շարունակվում է հանրապետության ամբողջ տարածքում։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Արմավիր քաղաքում

Հունիսի 19-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ Արմավիր քաղաքի հանգստի գոտիների բացօթյա տաղավարներում քաղաքացիների շրջանում իրականացրել են բացատրական աշխատանքներ՝ առնվազն 1․5 մ հեռավորություն պահպանելու անհրաժեշտության, դիմակները պատշաճ կրելու կանոնների, մարդկային կուտակումներից խուսափելու վերաբերյալ։ Աշխատանքները իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների շրջանակում, որի նպատակն է կանխել կորոնավիրուսի տարածումը:

Դիմակ չկրող մեկ քաղաքացու նկատմամբ ոստիկանության կողմից կազմվել է արձանագրություն, իսկ Տեսչական մարմնի կողմից անվճար տրամադրվել է մեկանգամյա օգտագործման դիմակ։ Ըստ անհրաժեշտության դիմակներ տրամադրվել են նաև այլ քաղաքացիների։ Վերահսկողական աշխատանքներն իրականացվում են ամեն օր։

ՀՀ կրթության տեսչական մարմնի մշտադիտարկումները շարունակվում են Երևանի վարչական շրջաններում

Կրթության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր մշտադիտարկումներ և կրկնայցեր են իրականացրել մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք մանկապարտեզներում:

Ուշադրության կենտրոնում է պարետի կողմից սահմանված նորմերի պահպանումը: Այն է՝ խմբասենյակներում, ննջարաններում և սնունդ ընդունելու ընթացքում երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, օգտագործվող ճաշի սպասքի և պարագաների սահմանված կանոններին համապատասխանությունը, ինչպես նաև մի շարք այլ կետեր: Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգայցերը շարունակական են:

wp-apeth