Ուժեղացված ստուգայց՝ Արտաշատում․ ամենամտահոգիչ խախտումներն ատամնաբուժարաններում են

Ուժեղացված ստուգայց՝ Արտաշատում․ ամենամտահոգիչ խախտումներն ատամնաբուժարաններում են

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցներն այսօր ուժեղացված ստուգայցեր են անցկացրել Արտաշատ քաղաքում։ «Խոշորացույցի» տակ են առնվել մի շարք արտադրական ձեռնարկություններ, այդ թվում՝ «Արարատ» հանքային ջրերի գործարանը, առևտրի և սպասարկման օբյեկտներ, դեղատներ, ստոմատոլոգիական կենտրոններ, գեղեցկության սրահներ։

ԱԱՏՄ դիտարկումները փաստել են, որ ամենամտահոգիչ խախտումներն այս քաղաքում առնչվում են ատամնաբուժական կլինիկաներին․ մանրէազերծող նյութերի, լուծույթների տարողությունները մակնշված չեն, նյութի անվանումը, խտությունը, պատրաստման ամսաթիվը, պիտանելիության ժամկետը նշված չեն, գրանցամատյանները չեն համապատասխանում սահմանված ձևաչափին, որոշ դեպքերում թափոնների վարման գրանցամատյանը բացակայում է, դրանց տարաները մակնշված չեն։

Արտադրամասերում նկատվող հաճախակի խախտումներից են փակվող աղբամանների քանակի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին, որոշ դեպքերում չի պահպանվում անհրաժեշտ սոցիալական հեռավորություն, տեսանելի վայրում բացակայում են իրազեկման թերթիկները։ Միաժամանակ, «Արարատ» հանքային ջրերի գործարանում արդի տեխնոլոգիական պայմաններում էական խախտումներ չեն գրանցվել. Ախտահանման հատուկ ընթացակարգ է սահմանված։

Խախտումները հաճախակի են նաև գեղեցկության սրահներում․ այստեղ սրբիչների և հիգիենայի պարագաների ամենօրյա լվացքը չի կազմակերպվում սահմանված նորմերին համապատասխան, հաճախորդների ջերմաչափման տվյալները չեն գրանցվում մատյանում, օդը չի վարակազերծվում, աշխատակիցներն օրը 2 անգամ չեն ջերմաչափվում։

Առևտրի կետերում հաճախակի են կուտակումները, երբեմն բացակայում են գծանշումները, իրազեկման թերթիկները, ջերմաչափման գրանցամատյանը՝ սահմանված ձևին համապատասխան։ ԱԱՏՄ արձանագրած խախտումները ներկայացվում են պարետին, դրանց հիմքով կայացվում են ժամանակավոր կասեցման որոշումներ։ ԱԱՏՄ անակնկալ ստուգայցերը շարունակվում են ամեն օր։ Խախտումների դեպքում կիրառվում են վարչական պատասխանատվության միջոցներ, կրկնախախտման կամ կոպիտ խախտումների դեպքում՝ առավել խիստ։

Արտաշատում բենզինի ու գազի լցակայանների ոլորտում ՇՎՏՄ-ի կողմից դիտարկվել են հակահամաճարակային նորմերի պահպանմանն առնչվող խախտումներ

ՀՀ պարետի մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն՝ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում այսուհետ իրականացնելու է մշտադիտարկումների ու վերահսկողության անցկացման գործընթաց:

Հիմնական նպատակն է դիտարկումներ իրականացնել նշված ոլորտների տնտեսավարողների մոտ ախտահանիչ նյութերի, դիմակների համար նախատեսված հատուկ փակվող աղբամանների, լվացարանների, սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով արվող գծանշումների, ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների առկայության, ինչպես նաև տարածքում պարտադիր դիմակներ կրելու մասին իրազեկող թերթիկների փակցված լինելու առնչությամբ:

Այսօր՝ հունիսի 18-ին, առաջին ստուգայցերն են իրականացվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքում: Դիտարկված՝ հագուստի վաճառքով զբաղվող առևտրի կենտրոններում, ինչպես նաև շինարարական խանութներում որևէ խախտում չի հայտնաբերվել: Մինչդեռ որոշ բենզալցակայաններում ու ԱԳԼՃԿ-ներում դիտարկվել են սահմանված հակահամաճարակային նորմերի մի շարք խախտումներ, մասնավորապես, բացակայել են իրազեկման թերթիկները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:

Մշտադիտարկման արդյունքում կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Ստուգայցերը շարունակվում են:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վերահսկողական աշխատանքներ է իրականացրել զբոսաշրջային վայրերում

Այսուհետ` ՀՀ պարետի N 139 որոշման համաձայն, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կապահովի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում, բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում) մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ վերահսկողությունը:

Այսօր Տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի զբոսաշրջային մի շարք վայրերում քաղաքացիներին հորդորել են զերծ մնալ մարդկային կուտակումներից, պահպանել սոցիալական հեռավորություն և կրել դիմակներ։

wp-apeth