5 օրով մանկապարտեզի գործունեություն է կասեցվել. խախտումների նվազման միտում կա
Կրթության տեսչական մարմինը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կասեցրել է մանկապարտեզի գործունեություն․ Տեսչական մարմնի ստուգայցերը շարունակվում են
ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից օրերս կատարված կրկնակի ստուգայցի ժամանակ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մանկապարտեզում արձանագրվել էին պարետի կողմից սահմանված նորմերի մի շարք խախտումներ: Այն է՝ երեխաներն ապահովված չեն եղել ձեռքերի լվացման հոսող տաք ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներ չեն եղել, օգտագործվել է վնասված էմալով սպասք, խոհանոցում առկա չեն եղել բռնակներով մետաղյա ցանցեր, սպասքի պարզաջրման համար 3 բաժնից բաղկացած ավազան, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակ: Խախտումների մասին արձանագրությունը ներկայացվել էր պարետատուն։ Այսօր արդեն ՀՀ պարետի N140-Ա որոշմամբ նշված մանկապարտեզի գործունեությունը կասեցվել է 5 օրով: ՀՀ կրթության տեսչական մարմնի ամենօրյա ստուգայցերը մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում շարունակվում են:
ՍԱՏՄ անակնկալ ստուգայցերը խախտումների նվազման միտում են արձանագրում
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների կողմից Արարատի մարզի Արտաշատ քաղաքի, ինչպես նաև հանրապետության մյուս մարզերի և մայրաքաղաք Երևանի սննդի շղթայի կազմակերպություններում իրականացված ստուգայցը փաստում է, որ կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարին ուղղված պահանջները հիմանկանում կատարվում են և նկատվում է խատումների նվազման միտում:
Արձանագրված խախտումները հիմնականում ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների ոչ ճիշտ լրացման հետ են կապված, իսկ դիմակ չկրելու, ձեռքի ախտահանիչների կամ ձեռնոցների ու դիմակների համար նախատեսված փակ աղբամանների բացակայության դեպքեր գրեթե չեն հանդիպում:
Նախորդ օրերին հայտնաբերված թերացումների հիմքով՝ այսօր նաև հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է մոտ հարյուր կազմակերպությունների՝ խանութների, հանրային սննդի օբյեկտների, հացի և հրուշակեղենի արտադրությունների, գործունեությունը: Լայնամասշտաբ ստուգայցերն ու անակնկալ շրջայցերը շարունակվելու են:
Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողություն Արարատի մարզում. ՔՏՀԱՏՄ
ՀՀ Պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության կանոնների պահպանմանը հետևելու և Covid 19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում:
Հունիսի 18-ին Արարատի մարզում, այդ թվում Արտաշատ քաղաքում, կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող միջմարզային, ներմարզային երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների, մարդատար տաքսի ավտոմոբիլների նկատմամբ իրականացված խիստ ռեժիմով վերահսկողության, մշտադիտարկումների արդյունքում Տեսչական մարմնի մասնագետների կողմից հայտնաբերվել են խախտումներ և թերություններ:
Միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող երթուղիներում հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներ, որտեղ ալկոհոլային հիմքով ախտահանիչ հեղուկները եղել են ոչ պատշաճ որակի և տեղում իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում տվյալ բնույթի թերություններն անհապաղ շտկվել են։ Այս տրանսպորտային միջոցներում այլ բնույթի խախտումներ չեն հայտնաբերվել։
Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային մրջոցներում գերակշռող խախտումը դիմացի նստատեղին՝ վարորդի կողքին ուղևորի նստեցմամբ փոխադրում կատարելու դեպքերն են։ Արձանագրված տվյալ խախտումների հիմքով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից՝ հանրային տրանսպորտում անվտանգության կանոների պահպանման նպատակով, վարորդների և ուղևորների շրջանում կատարվել են ակտիվ իրազեկման և բացատրական աշխատանքներ։