Վարչապետի աշխատակազմն իրականացրել է 10 ծրագիր և 53 միջոցառում. բյուջեից հատկացվել է 14 միլիարդից ավելի

Վարչապետի աշխատակազմն իրականացրել է 10 ծրագիր և 53 միջոցառում. բյուջեից հատկացվել է 14 միլիարդից ավելի

Հունիսի 12-ին շարունակվել է ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 9-ին կայացած եւ չավարտված համատեղ նիստը, որը վարել են Վլադիմիր Վարդանյանը եւ Մանե Թանդիլյանը: Քննարկվել են 2019 թ. ՀՀ վարչապետի աշխատակազմի բյուջետային հատկացումները, ծախսային եւ ոչ ֆինանսական ցուցանիշները:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրել է, որ վարչապետի աշխատակազմի համար հաշվետու տարվա պետական բյուջեով հաստատվել է 11 ծրագիր եւ 49 միջոցառում: Սփյուռքի նախարարության լուծարման արդյունքում 2 ծրագիր եւ 7 միջոցառում տեղափոխվել է վարչապետի աշխատակազմ: 2019 թ.  ընթացքում վարչապետի աշխատակազմն իրականացրել է 10 ծրագիր եւ 53 միջոցառում: Դրանց իրականացման նպատակով բյուջեից հատկացվել է 14 մլրդ 507 մլն 99 հազար դրամ, որից վարկային երկու միջոցառումների համար՝ 1 մլրդ 130 մլն 631 հազար դրամը վարկային միջոցներ են, համաֆինանսավորումը կազմել է 179 մլն 726 հազար դրամ: Դրամաշնորհային 5 միջոցառումներից կատարվել են 3-ը, որոնց համար դրամաշնորհային միջոցները կազմել են 28 մլն 415 հազար դրամ, համաֆինանսավորումը՝ 3 մլն 342 հազար դրամ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ քննարկումների արդյունքում «Աջակցություն մարդասիրական ծրագրերին» եւ  «Հանրային կարծիքի ուսումնասիրություններ» ծրագրերի իրականացումը նպատակահարմար չի գտնվել եւ հատկացված համապատասխանաբար 10 մլն եւ 123 մլն 278 հազար դրամի միջոցները գրեթե ամբողջությամբ վերաբաշխվել են այլ ծրագրերի միջեւ:

2019 թ. ՀՀ վարչապետի աշխատակազմի գործառույթներին ավելացել են նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի կողմից մշակված, ՀՀ կառավարության որոշումների հիման վրա իրականացվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների եւ որոշումների համաձայն եւ միջազգային դատական ատյաններում ՀՀ շահերի ներկայացման ու պաշտպանության հետ կապված գործառույթները, ինչպես նաեւ 6 տեսչական մարմինների գործունեության ապահովման գործառույթների իրականացումը: Տեսչական 6 մարմինների համար հաշվետու տարվա բյուջեով նախատեսվել էր 13 միջոցառում:

Պատգամավորների հարցերն առնչվել են ոստիկանության համակարգի բարեփոխումներին, պետական հատվածի արդիականացման ծրագրի կատարողականին, կուսակցություններին աջակցության գծով հատկացումներին, քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ցածր կատարողականին, արդյունահանող ճյուղերի զարգացման ծրագրին, հանրային հատվածի բարեփոխումներին, ԶԼՄ դաշտը կարգավորող օրենսդրական լուծումներին եւ այլ խնդիրներին, որոնց առնչությամբ Էդուարդ Աղաջանյանը պարզաբանումներ է ներկայացրել:

wp-apeth