Դեպքերի 75 և ավելի տոկոսն անցնում է առանց ախտանշանի
ՀՀ կառավարության արտահերթ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված վարակվածների ու հաստատված նոր դեպքերի թվերն ընդամենը արտահայտությունն են այն բանի, թե հանրապետությունում վերջին 7-14 օրվա ընթացքում ինչպես են պահվել հակահամաճարակային կանոնները, մասնավորապես՝ դիմակ կրելու, սոցիալական հեռավորությունը պահպանելու, ձեռքերն ախտահանելու վերաբերյալ: «Իհարկե, այս կանոններն ունեն որոշակի տեղայնացման նրբություններ: Եվ, 1-2 օր կամ մի քանի օր պոզիտիվ ազդակներից հետո մենք նկատում ենք, երբ թվերի որոշակի նվազում է տեղի ունենում, հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակի կտրուկ իջեցում ենք արձանագրում: Եվ սա մեր ամենամեծ պրոբլեմն է: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հստակ պետք է արձանագրեն, որ նոր դեպքերի վերաբերյալ թվերն արտահայտում են, թե մենք բոլորս ինչպես ենք պահպանել դիմակ կրելու, սոցիալական հեռավորությունը պահպանելու, ձեռքերը ախտահանելու և հակահամաճարակային կանոնները:
Եվ ես կրկին ուզում եմ արձանագրել, որ այս իրավիճակն ուղիղ կապ ունի մեր հանրային համընդհանուր վարքագծի հետ: Իհարկե, պետք է արձանագրենք, որ վարչական լծակներ ունեցող մարմինները պետք է գործադրեն վարչական լծակները՝ կանոնների պահպանման մակարդակը և որակը բարձրացնելու ուղղությամբ, բայց այստեղ մեր հիմնական անելիքը մեզնից յուրաքանչյուրի, յուրաքանչյուր քաղաքացու անելիքի մեջ է պարփակվում: Ընդ որում, ուզում եմ արձանագրել, որ մահվան թվերը, ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի թվերն էլ ուղիղ կապի մեջ են ընդհանուր թվի հետ, որովհետև ինչքան մեծ է վարակվածների թիվը, այնքան մեծ է ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը և հետևաբար՝ մեծ են նաև մահվան դեպքերը: Այսինքն, մեր դեպքերի 75 և ավելի տոկոսն անցնում է առանց ախտանշանի, առանց որևէ բարդության, բայց մենք մեր դեպքերով, մեր վիճակարգրությամբ անուղղակիորեն մեծացնում ենք ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի և մահերի թիվը: Սա կարևոր արձանագրում է:
Եվ մենք բոլորս բոլոր հնարավոր առիթներով և միջոցներով պետք է այս ուղերձը մեր քաղաքացիներին տեղ հասցնենք՝ առանց հոգնելու, անընդհատ, չմտածելով, թե մի անգամ ասել ենք, երկու անգամ ասել ենք, հարյուր անգամ ասել ենք: Եթե թվերն անկում չեն ապրում, ուրեմն պետք է ասենք հազար անգամ, տասը հազար անգամ և այդպես շարունակ, մինչև կարողանանք այս ուղերձը հասցնել յուրաքանչյուր քաղաքացու:
Կարծում եմ՝ առանձնահատուկ կարևորություն է ստանում նաև արձանագրելը և տեղորոշելն այն դեպքերը, այն շրջանակներին, որոնք մարդկանց շրջանում տարածում են, թե հիվանդություն չկա, սա սուտ է, գոյություն չունի այդպիսի բան: Եվ, կարծում եմ, որ մենք սրանով պետք է լուրջ զբաղվելու մեխանիզմներ գտնենք և կարողանանք նաև տեղորոշել այդ մարդկանց, հասկանանք նրանց նպատակը, գործունեության շարժառիթները և կապերը: Եվ սա նույնպես կարող է մեզ որոշակի հետևություններ անելու տեղ թողնել: Ես կարծում եմ, որ սրանով պետք է զբաղվեն նաև օպերատիվ հնարավորություն ունեցող մեր մարմինները, որպեսզի մենք կարողանանք այստեղ նույնպես եզրակացությունների գալ»,- նշել է վարչապետը: