Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան պարտվել է աշխարհը

Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան պարտվել է աշխարհը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Շտապ օգնության «Կենտրոն» ենթակայանի սրտային վերակենդանացման բրիգադի բժիշկ Տիգրան Գևորգյանի հետ անցկացրել է ճեպազրույց։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պայմաններում շարունակում են մեծ խնդիր լինել հավաքույթները՝ ծննդյան արարողությունները, հարսանիքները, թաղումներն ու սգո արարողությունները:

«Հանրության մի մեծ հատված խնդրին վերաբերվում է զգացմունքային հենքով դիրքորոշվելով: Վերջին շրջանում ՏԻՄ մարմիններին տրվել են հանձնարարություններ, որ իրենք հանդիսանան պատասխանատուն իրենց համայնքում հավաքույթները պարետի որոշմամբ սահմանվածից ավելի թույլ չտալու: Բայց, ցավոք, սա բավականին բարդ խնդիր է, որովհետև հաճախ, երբ մարդիկ կորցնում են հարազատներ, դժվար է լինում բացատրել խնդրի կարևորությունը: Հորդորում եմ լսել համայնքապետերի, մարզպետարանների, ոստիկանության աշխատակիցների հորդորը: Սա որևէ մեկի քմահաճույքը չէ»,- ասել է նախարարը:

Պատասխանելով հարցին՝ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան պարտվել է աշխարհը, օրինակ՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, ՌԴ-ն, Շվեդիան, Գերմանիան և շատ այլ զարգացած ու գերզարգացած երկրներ: «Եթե ՀՀ կառավարությունը պարտվել է կորոնավիրուսի դեմ պայքարում, ուրեմն կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է մարդկությունն ընդհանրապես, քաղաքակրթությունն ընդհանրապես: Այո, ՀՀ կառավարությունն ունի պրոբլեմներ կորոնավիրուսի դեմ պայքարում, որքան ունեն պրոբլեմներ իմ նշած աշխարհի բազմաթիվ երկրներ, ճիշտ այնքան պրոբլեմներ, որքան ամբողջ մարդկությունը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

wp-apeth