Վարչապետը համոզված է՝ սահմանված կանոնների պահպանումը բերելու է դեպքերի զրոյացման
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Շտապ օգնության «Կենտրոն» ենթակայանի սրտային վերակենդանացման բրիգադի բժիշկ Տիգրան Գևորգյանի հետ անցկացրել է ճեպազրույց։
Վարչապետը նախ նշել է, որ կառավարությունը հունիսի 12-ին արտահերթ նիստում կքննարկի երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը, այնուհետև քննարկումները կշարունակվեն Ազգային ժողովի հատուկ նիստում:
Վարչապետը նշել է, որ Հայաստանում հունիսի 10-ին արձանագրված կորոնավիրուսի 566 նոր դեպքը արտահայտումն է նրա, թե 7-14 օր առաջ ինչպես են պահպանվել հակահամաճարակային կանոնները: «Այսինքն, մենք համոզված ենք, որ մեր կողմից սահմանված կանոնների պահպանումը բերելու է դեպքերի զրոյացման: Այսօր մեր կողմից կանոնների պահպանման մակարդակը արդյունքների է բերում 7-14 օր հետո, որովհետև հիվանդության ինկուբացիոն շրջանն այդքան է: Մենք 7-14 օր առաջ պատշաճ չենք պահպանել հակահամաճարակային կանոնները»,— ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ արտակարգ դրության ռեժիմի՝ Ազգային ժողովում քննարկման ժամանակ անդրադարձ կկատարվի այս ընթացքում կատարվածին և հետագա անելիքներին:
Մինչև ճեպազրույցը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին ու ծրագրերին վերաբերող հարցեր:
Մասնավորապես, հաշվի առնելով ճգնաժամային իրավիճակը, քննարկվել են բիզնեսի համար շահութահարկի գծով առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել հարկային վարչարարության մեխանիզմներին, ներկայացված առաջարկություններին ու կարծիքներին:
Կարևորելով գործարար միջավայրի բարելավման ու բիզնեսին հնարավորինս օժանդակություն ցուցաբերելու կառավարության քաղաքականությունը՝ վարչապետը հանձնարարել է հնչեցված առաջարկների հիման վրա գործադիրի հաստատմանը ներկայացնել համապատասխան նախագիծ: