Շատ անորոշություններ կան կորոնավիրուսի թե՛ տարածման, թե՛ կանխարգելման, թե՛ բուժման հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենի բուժական գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանի հետ անցկացրել է ճեպազրույց։
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի խոսքով՝ կորոնավիրուսը նոր հիվանդություն է ու դեռևս շատ անորոշություններ կան դրա թե՛ տարածման, թե՛ կանխարգելման, թե՛ բուժման հետ:
«Այս ամիսներին առողջապահության նախարարությունը ոչ միայն կազմակերպել է կանխարգելիչ և բուժման աշխատանքները, այլև փորձել ենք սովորել հիվանդության մասին: Սովորել ենք մեր բուժաշխատողներից, միջազգային մեր այլ գործընկերներից, մեր փորձագետներից, թե ինչպես կառավարել համաճարակը: Բավականին երկար ճանապարհ անցել ենք և դեռ անցնելու ենք: Քաղած դասերի հիման վրա փորձում ենք ընդունել որոշակի մարտավարություններ, ավելի արդյունավետ դարձնել հակազդումը»,-ասել է նա: