Գովազդը կթույլատրվի միայն սահմանափակ թվով վայրերում

Գովազդը կթույլատրվի միայն սահմանափակ թվով վայրերում

Հայաստանում ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատոների, խաղատների ցանկացած տեսակի գովազդը կարգելվի՝ բացառությամբ որոշ սահմանափակ թվով վայրերի: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն ստացավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

«Առաջարկվող օրենսդրական նախաձեռնությամբ ինտերնետ շահումով խաղի գովազդի կարգավորումները վերադառնում են մինչև 2020 թ. կարգավորումների դաշտ: Տոտալիզատորների մասով նույնպես գովազդը մոտարկվում է այդ դաշտին: Օրենքի ընդունումից հետո ունենալու ենք խաղատների, ինտերնետ շահումով խաղերի և տոտալիազոտների միասնական գովազդային դաշտ, ինչը ենթադրում է, որ գովազդ կթույլատրվի 4-աստղանի և բարձր հյուրանոցներում, սահմանային անցակետերում և այն շենքի, որտեղ իրենք գործունեություն են իրականացնում, ճակատային մասում և ներքում: Մյուս վայրերում գովազդը արգելված կլինի»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:Նա խոսեց խաղամոլության ռիսկի, դաշտը հավասարակշռելու մասին:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հետաքրքրվել էր, թե արդյոք այդ արգելումը բխո՞ւմ է հանրային շահի պաշտպանության անհրաժեշտությունից: Արդյունքում հանձնաժողովը եզրահանգել էր, որ հանրային շահի պաշտպանության անհրաժեշտությունը հիմնավորված է նախագծում ներկայացված փաստարկներով: Հանձնաժողովը, սակայն, ունի նաև որոշակի մտահոգություններ այն առնչությամբ, թե արդյոք նախագծով նախատեսվող միջոցները բավարար, անհրաժեշտ և համաչա՞փ միջոցներ են՝ ապահովելու այն նպատակը, որի ընդունման համար նախատեսվում է նախագիծը: Հանձնաժողովը մտահոգված է վերահսկողական մեխանիզմների բացակայությամբ:

Հայրապետյանը համաձայն է, որ օրենքի ընդունումը ամբողջական խաղացողների աճի խնդիրը չի կարգավորելու, բայց էապես կրճատելու է տեմպը: «Նոր խաղացողները, երիտասարդությունն այդ գաղթակղությունը, «կոնֆետը» չի տեսնելու, ինքը խաղ է մտնելու գիտակցված, տրամաբանական ձևով»,- ասաց փոխնախարարը:

wp-apeth