Կռիվ՝ մահվան դեմ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի և բժիշկ-ռեանիմատոլոգ Արսեն Մանուկյանի հետ, ով թողնելով աշխատանքը Գերմանիայում՝ ժամանել է Երևան և ներգրավվել կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացում, անցկացրել է ճեպազրույց։
Կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներին ներգրավվելու համար Գերմանիայից Հայաստան վերադարձած բժիշկ-ռեանիմատոլոգ Արսեն Մանուկյանը քաղաքացիներին խնդրել է հուլիսի 18-ին Գերմանիայում որդու 1-ամյակին մասնակցելու հնարավորություն տալ: Մանուկյանը նշել է, որ այդ հնարավորությունը կստեղծվի այն պարագայում, եթե հակահամաճարակային կանոնների համատարած պահպանմամբ կորոնավիրուսի համավարակը հետզարգացման զգալի տեմպ արձանագրի:
«Մայիսի վերջին կարդացի Առողջապահության նախարարի հայտարարությունն այն մասին, որ պահանջվում են մասնագետներ, հասկացա, որ ենթագիտակցության մեջ արդեն ունեմ կայացրած որոշում: Քննարկեցի նաև կնոջս հետ և իմացա, որ նա նույնպես կողմ է, պատրաստ է անհայտ ժամկետով միայնակ մնալ տանը, աշխատել և խնամել 10 ամսական որդուս: Գնեցի ինքնաթիռի առանց հետադարձի տոմս դեպի Երևան, իսկ հաջորդ օրն առավոտյան միացա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի թիմին: Հուլիսի 18-ին որդիս՝ Լևոնը կդառնա 1 տարեկան, հուսով եմ, որ մինչ այդ՝ կանոնների համատարած պահպանման հետևանքով, համաճարակի հետզարգացման այնպիսի տեմպ կունենանք, որ ես կկարողանամ վերադառնալ ընտանիքիս մոտ և մասնակցել որդուս առաջին տարեդարձին: Խնդրում եմ՝ բոլորդ օգնեք ինձ այդ հարցում»,- ասել է Արսեն Մանուկյանը՝ ավելացնելով, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անձնակազմն օր ու գիշեր պատվով ու մեծ պրոֆեսիոնալիզմով կռիվ է տալիս մահվան դեմ:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Արսեն Մանուկյանին կայացրած որոշման, ինչպես նրա ընտանիքին՝ այդ որոշմանը համաձայնություն տալու համար։ «Ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել մեր բոլոր բուժաշխատողներին՝ կատարվող աշխատանքի համար։ Երեկ ես եղա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, տեսա, թե ինչպիսի հերոսական աշխատանքներ են կատարում մեր բժիշկները։ Տեսա, թե շնորհակալության ինչպիսի զգացում կա մեր քաղաքացիների՝ պացիենտների շրջանում։
Կարող եմ արձանագրել, որ մեր բուժհաստատություններում այս օրերին հաստատված է կորոնավիրուսի դեմ պայքարի ընտանեկան մթնոլորտ։ Նման մթնոլորտ պետք է հաստատվի ողջ Հայաստանում և դա պետք արտահայտվի հետևյալով. մեզանից յուրաքանչյուրն այս գործում պետք է անի այն, ինչ կարող է։ Իսկ մեզանից յուրաքանչյուրը կարող է անել շատ կարևոր բան. պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն»,— նշել է վարչապետը։