COVID-19-ի դեմ պատվաստվելուց 7 օր անց անձը կարող է դառնալ արյան դոնոր
Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ-ի Դեղերի և սննդամթերքի գործակալության դիրքորոշումների համաձայն՝ արյան դոնորության համար անկենդան, ռեպլիկացիայի չենթարկվող (չբազմացող) պատվաստանյութերի դեպքում, որևէ ժամկետային սահմանափակում չկա: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Սակայն, հաշվի առնելով, որ SARS-CoV-2 պատվաստանյութերը միայն վերջերս են ստեղծվել, որպես նախազգուշական միջոց, սահմանվել է, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված յուրաքանչյուր անձ կարող է արյան դոնոր դառնալ պատվաստումից 7 օր հետո, եթե չունի հետպատվաստումային որևէ կողմնակի երևույթ կամ հիվանդության ախտանիշ (Հղում 1, հղում 2, հղում 3)»,- ասված է հաղորդագրությունում: