Մեր հիմնական ուժը, երաշխիքը Զինված ուժերն են
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին կատարած աշխատանքի համար և նշել, որ առաջիկայում միասին կվերլուծեն համատեղ աշխատանքի արդյունքները և կգան ընդհանուր եզրակացությունների և՛ արվածի, և՛ հետագա անելիքների առումով: Վարչապետն արձանագրել է՝ այս ընթացքում Զինված ուժերում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել, և ձևավորվել է շատ մեծ օրակարգ, որը դեռ պետք է իրագործվի:
Շնորհավորելով ԶՈՒ շտաբի նորանշանակ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նա ԶՈՒ-ում նոր մարդ չէ, անցել է զինվորական ծառայության առաջխաղացման բոլոր աստիճաններով, բավական երկար ժամանակ զբաղեցրել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ փոփոխությունների ժառանգականությունը ոչ միայն կապահովվի, այլև էլ ավելի կբարելավվի մեր օրակարգը, խնդիրների լուծման որակը, և Զինված ուժերն ամեն օրվա, ամեն շաբաթվա, ամեն ամսվա և ամեն տարվա հետ կդառնան ավելի մարտունակ:
«Անկեղծ ասած, այս ընթացքում, վարչապետի կարգավիճակում ավելի մոտիկից շփվելով մեր Զինված ուժերի հետ, շատ հաճելի և կարևոր մի արձանագրում եմ արել. զինվորականությունը՝ որպես խավ, կայացել է Հայաստանի Հանրապետությունում: Այսօր այն մի մեծ ընտանիք է, որը մեր պետականության ողնաշարի դերն է կատարում, և որի առկայությունը մեր ինքնիշխանության, մեր պետականության, մեր լինելիության ամենակարևոր երաշխիքն է: Իհարկե, ինչպես ցանկացած պետություն, Հայաստանի Հանրապետությունը նույնպես ունի թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերներ, բայց Հայաստանի ներքին մարտահրավերները երբեք այնքան ընդգծված և այնքան ուժեղ չեն լինելու, որքան արտաքին մարտահրավերները: Այս գործում, իհարկե, մեր հիմնական ուժը, երաշխիքը Զինված ուժերն են: ՀՀ կառավարությունը՝ ոչ միայն այսօրվա կառավարությունը, այլև որևէ կառավարություն պարտավոր է ամեն ինչ անել ԶՈՒ համար՝ նրա առաջ դրված խնդիրները լուծելու պայմաններ ստեղծելու համար», — անդրադառնալով Զինված ուժերի դերակատարությանը՝ նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի դիտարկմամբ՝ ՀՀ ԶՈՒ իմիջը և ԶՈՒ նկատմամբ հանրային վերաբերմունքը, հարգանքը, սերը և գնահատանքը գտնվում են հնարավոր ամենաբարձր մակարդակի վրա, և մեծագույն խնդիրը՝ ԶՈՒ-ում ծառայության իմիջը ԶՈՒ իմիջին հավասարեցնելը կամ առնվազն էականորեն մոտեցնելն է: «Մենք սկսել ենք այդ գործընթացը և պետք է արձանագրենք հետևյալը. զինվորականությունը մշտապես իր աշխատանքային կյանքում, իր սոցիալական երաշխիքների համակարգում պետք է փոփոխություն զգա: Հայաստանի Հանրապետությունում՝ ինչպես բոլոր քաղաքացիները, բայց առավել ևս՝ զինվորականները պետք է լավ ապրեն, որովհետև նրանք ՀՀ ինքնիշխանության, պետականության ողնաշարն են: Հայաստանի Հանրապետությունը, կառավարությունը, հանրությունը, ժողովուրդը պետք է հոգ տանեն սրա մասին, որովհետև ԶՈՒ և զինվորականության ինքնազգացողությունն ամենակարևոր հանգամանքներից է, որը կանխորոշում է մեր ապագան: Համոզված եմ, որ Հայաստանում կա բավարար կամք, ներուժ, ընկալում՝ այս խնդիրը և սրանից բխող մյուս խնդիրները լուծելու համար: Պարոն Դավթյան, կրկին շնորհակալ եմ Ձեր կատարած աշխատանքի համար: Ինձ հաճելի և հետաքրքիր է եղել Ձեզ հետ աշխատելը: Պարոն Գասպարյան, շնորհավորում եմ Ձեզ այս նշանակման առիթով և մաղթում եմ հաջողություններ՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի»: