ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկն արդիականացվել է, հզորությունն աճել է 15 տոկոսով

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկն արդիականացվել է, հզորությունն աճել է 15 տոկոսով

Նոյեմբերի 16-ին Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) ամփոփվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի արդյունքները ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի ՀԱԷԿ կատարած այցի ընթացքում:

Արդիականացման ծրագրի շրջանակներում 2016թ-ից իրականացվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կայանի անվտանգության բարձրացման, սարքավորումների ստուգման ու փոխարինման աշխատանքներ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության համաձայն, ծրագրի արդյունքում էներգաբլոկի հզորությունն աճել է 15 տոկոսով միջուկային վառելիքի նույն ծախսով: Իրականացված կարևորագույն միջոցառումներից մեկը ռեակտորի իրանի թրծաթողումն է, որը թույլ է տվել վերականգնել մետաղի հատկությունները 85 տոկոսով:

«Այս ծավալուն նախագիծն առանց չափազանցության կարելի է համարել Հայաստանի կարևորագույն նախագծերից մեկը։ Դրա վրա կանգ առնել չենք պատրաստվում ու մեր առջև նոր նպատակներ ենք դնում. դա 2026 թվականից հետո Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի 10 տարով երկարաձգումն է և ոլորտի հետագա զարգացումը՝ նոր ատոմակայանի կառուցումը»,- ասել է նախարար Սանոսյանը։

«Հպարտ եմ, որ մասնակցում ենք մի նախագծի, որն օգնեց ՀԱԷԿ-ը դարձնել ավելի անվտանգ և արդյունավետ: Մենք՝ բոլորս, հայկական ԱԷԿ-ի մասնագետների, նորոգման ընկերությունների, գիտահետազոտական ինստիտուտների, Հայաստանի և Ռուսաստանի նախագծակոնստրուկտորային կազմակերպությունների, ինչպես նաև ատոմակայանների համար սարքավորումներ պատրաստող գործարանների պրոֆեսիոնալների թիմը, իրականացրել ենք սարքավորումների փոխարինման և արդիականացման աշխատանքների հսկայական ծավալ: Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի
միջոցառումների մի ամբողջ համալիրի իրականացման շնորհիվ երկրորդ էներգաբլոկը համապատասխանում է ամենաժամանակակից միջազգային պահանջներին, ու Հայկական ԱԷԿ-ը կշարունակի հուսալիորեն ապահովել Հայաստանի բնակիչներին էլեկտրաէներգիայով», – նշել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:

Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը արդյունաբերական շահագործման հանձնվեց 1976թ-ին, իսկ երկրորդը` 1980թ-ին: Էներգաբլոկների դրվածքային հզորությունը կազմում է 407,5 ՄՎտ, շահագործման նախագծային ժամկետը` 30 տարի: ԽՍՀՄ մինիստրների խորհրդի որոշմամբ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո 1989թ. փետրվարին և մարտին կանգնեցվեցին №1 և №2  էներգաբլոկները: 1995թ. նոյեմբերին երկրորդ էներգաբլոկը միացվեց էներգահամակարգին: ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը լրացավ 2016թ-ին, սակայն ՀՀ իշխանությունները որոշեցին երկարաձգել էներգաբլոկի շահագործման ժամկետը` հաշվի առնելով ատոմակայանի փակվելու հետևանքով բազիսային հզորությունների լուրջ պակասի առաջ կանգնելու ռիսկը:

ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի այն տեղակայանքները, համակարգերը և սարքավորումները, որոնք պիտանի էին հետագա շահագործման համար, օգտագործվեցին երկրորդ էներգաբլոկի հուսալի և անվտանգ շահագործման համար:

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման աշխատանքների համար 2015թ-ին Հայաստանը Ռուսաստանի հետ կնքեց 270 միլիոն դոլարի վարկի և 30 միլիոն դոլարի դրամաշնորհի տրամադրման համաձայնագիր: 2020թ-ի հունիսին ՀՀ կառավարությունը որոշեց հրաժարվել ռուսական վարկի և դրամաշնորհի մնացած մասից և ՀՀ պետական բյուջեից 63 միլիարդ 200 միլիոն ՀՀ դրամի չափով բյուջետային վարկ տրամադրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով:

wp-apeth