Նարեկ Մկրտչյանը հայտնեց պատերազմում զոհվածների, անհետ կորածների և գերեվարվածների թիվը
ՀՀ քննչական կոմիտեի հոկտեմբեր ամսվա տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը կազմում է 3788 անձ, այդ թվում՝ 3712 զինծառայող և 76 քաղաքացիական անձ։ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության հարցապնդմանը։
«Անհայտ կորած է համարվում 222 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ Ադրբեջանի կողմից գերության մեջ պահվող ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը կազմում է 40 մարդ, այդ թվում՝ 37 զինծառայող և 3 քաղաքացիական անձ»,- ասաց Մկրտչյանը։ Նախարարը հայտնեց, որ այս ընթացքում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել 114 զինծառայող և քաղաքացիական անձ։