Շուշիի մոտակայքում ադրբեջանցի զինծառայողի արձակած կրակոցներից վիրավորված անձանց առողջական վիճակում կա դրական դինամիկա
Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանցի զինծառայողի կողմից կրակոցների արձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած՝ Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Գևորգ Մելքումյանի (ծնված 1990թ.) վիրահատությունը նոյեմբերի 8-ին ավարտվել է բարեհաջող և նոյեմբերի 9-ի առավոտյան շնչում է ինքնուրույն՝ առանց արհեստական շնչառական ապարատի: Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նրա մոտ առկա էր պարանոցի շրջանում և բազուկոսկրի հրազենային վիրավորում, վերին մեկ երրորդի բազամաբեկորային կոտրվածք:
Մյուս 2 վիրավորվածների վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Արմեն Սարգսյանի (ծնված 1980թ.) մոտ` առկա էր ստորին ծնոտի միջանցիկ հրազենային վիրավորում: Ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկորային կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով, կորճոսկրի կոտրվածք: Փափուկ հյուսվածքների այտուց, էնֆիզեմա:
Գագիկ Ղազարյանի (ծնված 1978թ) մոտ` կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ հրազենային վիրավորում` առանց պլևրալ խոռոչի թափանցման:
ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը նոյեմբերի 8-ին և 9-ին այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն հետևել վիրահատության ընթացքին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:
Քովիդ 19-ով պայմանավորված, հարազատներն առայժմ չեն կարող այցելել հիվանդասենյակներ, ուստի նախարարը ծնողների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ նրանք գտնվում են բժիշկների հոգածության ներքո, և կյանքին վտանգ չի սպառնում։
Նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Արցախի ԱԱԾ-ն հայտնել է, որ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է:
Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության օպերատիվ խմբերի և քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարվել են օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ: