Հակահամաճարակային գործողությունները՝ համատարած դիմակ կրելը՝ իրենց հստակ արդյունքները կարող են տալ ամենաշուտը 1 շաբաթից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Արթիկի բժշկական քոլեջի «Մանկաբարձություն ու ընդհանուր քույրություն» բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի Նուշիկ Ուռումյան-Եզեկյանի հետ, ով իր 3 երեխային թողել է տանը և որպես կամավոր օգնում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի բժիշկներին, անցկացրել է ճեպազրույց։
Վարչապետը գոհունակություն է հայտնել առ այն, որ վերջին օրերին արձանագրվել է հակահամաճարակային կանոնների պահպանման դրական դինամիկա։ «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն հայրենակիցներին, որոնք միանում են այս հակահամաճարակային շարժմանը, ոորոնք հետևում են և հետևել են կանոններին, և ովքեր ցանկանում են միանալ։ Այս հակահամաճարակային գործողությունները՝ համատարած դիմակ կրելը՝ իրենց հստակ արդյունքները կարող են տալ ամենաշուտը 1 շաբաթից, որովհետև վարակի հնարավոր ամենաբարդ ինկուբացիոն շրջանը համարվում է 7 օրը։ Ուզում եմ ընդգծել, որ շատ կարևոր է ոչ միայն հակահամաճարակային կանոնների ֆորմալ պահպանումը, այլև այդ կանոնների ճշգրիտ պահպանումը»,- նշել է կառավարության ղեկավարը։
Նիկոլ Փաշինյանը հակահամաճարակային քաղաքականության կարևորագույն խնդիրներից է համարել Հայաստանի տնտեսական և սոցիալ-տնտեսական ոլորտները հնարավորինս լավ վիճակում լինելը։ «Մեր հակահամաճարակային քաղաքականության սկզբունքներից է այն, որ կայացնում ենք այնպիսի որոշումներ, որոնք մաքսիմալ բխում են Հայաստանի Հանրապետության անվտանգության, տնտեսության, առողջապահական շահերից։ Մեր խնդիրը ոչ միայն հաղթահարելն է այս հակահամաճարակային իրավիճակը, այլև այդ հաղթահարման պահին Հայաստանի տնտեսական, սոցիալ-տնտեսական ոլորտներն առավել լավ վիճակում տեսնելն է։ Ուզում եմ ընդգծել, որ այս գործընթացում, բացի ընթացիկ սոցիալ-տնտեսական խնդիրներից, մենք դնում ենք նաև քաղաքակրթական խնդիրներ»,- նշել է Նիկոլ Փաշինյանն ու հավելել, որ այդ խնդիրներից են, մասնավորապես, հերթ կանգնելու կուլտուրան, ինչպես նաև օրենքի, կարգի, համակեցության կանոնների, ուրիշների իրավունքների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը։
Այս առումով, վարչապետը վստահ է, որ պետությունը գնում է ճիշտ ճանապարհով։ Նրա խոսքով՝ հակահամաճարակային կանոնների պահպանման կոչերը հանրության կողմից պետք է լսելի լինեն ավելի ու ավելի շատ։ Նիկոլ Փաշինյանը մեծ գոհունակությամբ է ընդգծել, որ հակահամաճարակային շարժում սկսելու իրենց կոչերը նույնպես որոշակի արձագանք են ստացել։
«Հույս ունեմ, որ կձևավորվեն կամավորների մաքսիմում 2 հոգանոց խմբեր, որոնք հակահամաճարակային կանոնները պահպանելով՝ մեր մյուս քաղաքացիներին կիրազեկեն դրանք պահպանելու մասին։ Նրանք կմտնեն տարբեր բակեր, փողոցներ, շուկաներ և մեր քաղաքացիներին, առանց որևէ կոնֆլիկտային իրավիճակ հրահրելու, առանց հանդիմանելու կհորդորեն պահել կանոնները»,- ասել է վարչապետը: