Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է
Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
«Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի: ՊԲ հրամանատարությունը ԱՀ իշխանությունների հետ համակարգված աշխատանքներ է տանում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ՝ ուղղված իրավիճակի հետագա լիցքաթափմանը»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:
«Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից»,- ասված էր հաղորդագրությունում: