Վերականգնվել է Արարատի մի քանի համայնքներում հողամասերի վարձակալության չարաշահումներով 8մլն դրամի վնաս
Արարատի մարզի բնակավայրերում բջջային կապի ծածկույթ ապահովող ալեհավաք կայանների տեղադրման համար համայնքային և պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման ոլորտում կոռուպցիոն բնույթի հնարավոր խախտումների վերաբերյալ նախապատրաստված նյութերով 2020թ. ընթացքում մարզի դատախազությունում և ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է 4 քրեական գործ, որոնց նախաքննությունը կատարվել է ՀՀ ՔԿ Վեդիի քննչական բաժնում:
Դատախազությունից հայտնում են, որ քրեական գործերը վերաբերել են Արարատի մարզի Ուրցաձոր, Ուրցալանջ, Դաշտաքար, Արարատ համայնքներում համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքները համայնքների նախկին ղեկավարների կողմից ենթադրաբար անձնական շահադիտական դրդումներով իրենց փոկապակցված կամ մերձավոր անձանց վարձակալության հանձնելու, այնուհետև կարճ ժամանակում բջջային կապի ծածկույթ ապահովելու նպատակով վերջիններիս կողմից հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններին դրանք անհամեմատ բարձր վարձավճարով ենթավարձակալության հանձնելուն, ինչի արդյունքում իրենց ընտանիքների համար առերևույթ ապահովել են խոշոր չափերով շահույթներ, իսկ համայնքները զրկվել են այդ չափով բյուջետային մուտքեր ունենալու և դրանք համայնքի կարիքների համար օգտագործելու հնարավորությունից։
Նախաքննության ընթացքում մարզի Ուրցաձոր համայնքի վերաբերյալ քրեական գործը՝ համայնքի ղեկավարին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքով ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որով ընդհանուր կարգով իրականացվում է դատական քննություն:
Մյուս երեք քրեական գործերի վարույթը կարճվել է, երկուսի դեպքում՝ հանցագործության կատարման վաղեմության ժամկետն անցնելու ոչ արդարացնող հիմքով, մեկի դեպքում՝ հանցակազմի բացակայության՝ արդարացնող հիմքով:
Քննությունների արդյունքում պարզված՝ համայնքներին պատճառված ընդհանուր նախնական վնասը կազմել է շուրջ 10 մլն ՀՀ դրամ, տարված աշխատանքների արդյունքում դրանից վերականգնվել է շուրջ 8 մլն ՀՀ դրամը։
Դրանցից մեկ գործի պարագայում, որով պատճառված նախնական 3.6մլն ՀՀ դրամի չափով համայնքին պատճառված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 2 միլիոն ՀՀ դրամը, Արարատի մարզի դատախազության կողմից համայնքի ներկայիս ղեկավարին ներկայացվել է քաղաքացիական հայց հարուցելու անհրաժեշտության մասին նախազգուշացում։ Դրա հիման վրա համայնքի կողմից բռնագանձման պահանջով հայց է հարուցվել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որն ամբողջությամբ բավարարվել է։
Համայնքներից 3–ի պարագայում լուծվել են ապօրինի գործարքների միջոցով կնքված վարձակալության, և վարձակալների կողմից հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությունների հետ կնքված ենթավարձակալության 3 պայմանագիր, որից հետո բոլոր նշված դեպքերում համայնքների և նույն ընկերությունների միջև կնքվել են նոր պայմանագրեր: Մեկ դեպքում պայմանագիրը լուծելու համար համայնքը դիմել է դատարան։