Քաղավիացիան հաստատում է, որ այսօր Հայաստանի օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջեւան երթուղով թռիչք

Քաղավիացիան հաստատում է, որ այսօր Հայաստանի օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջեւան երթուղով թռիչք

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաստատում է, որ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջեւան երթուղով թռիչք:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի օդային տարածքների օգտագործումը չի սահմանափակվել քաղաքացիական օդանավերի համար՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի ժամանակահատվածի:

Նշված երթուղով թռիչքներ շարունակաբար իրականացվել են նաեւ նախկինում` մինչեւ 2014 թվականի նոյեմբերի 8-ը, ինչից հետո ադրբեջանական կողմն իր նախաձեռնությամբ դադարել է օգտվել Հայաստանի Հանրապետության օդային տարածքից։

Այս ողջ ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանից Ադրբեջանի օդային տարածքով չվերթեր են իրականացվել դեպի այլ երկրներ եւ հակառակ ուղղությամբ եւ շարունակում են իրականացվել։

Հավելենք նաեւ, որ ՀՀ ավիացիոն իշխանությունների կողմից տարանցիկ թռիչքի թույլտվություն չի տրամադրվում, քանի որ ըստ ընթացակարգերի՝ քաղաքացիական օդանավերով տարանցիկ թռիչքների իրականացման համար որեւէ թույլտվություն չի պահանջվում:

Օդային մայրուղիների ընտրության իրավասությունը վերապահված է օդանավ շահագործողներին»։

wp-apeth