«Հայաստան» խմբակցությունը Ստեփանակերտի Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին ավելի քան 10 մլն ՀՀ դրամ աջակցություն է փոխանցել

«Հայաստան» խմբակցությունը Ստեփանակերտի Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին ավելի քան 10 մլն ՀՀ դրամ աջակցություն է փոխանցել

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանի առաջարկով ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը իր անդամների՝ սեպտեմբերին ստացած պարգևավճարները փոխանցել է Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի հաշվեհամարին:

Այս մասին «Արցախպրեսին» փոխանցել են վերականգնողական կենտրոնից՝ նշելով, որ խմբակցության կողմից փոխանցվել է 10․740․000 ՀՀ դրամ, որը ծառայելու է կենտրոնի համար նոր մասնագիտական գույքի և անհրաժեշտ բժշկական պարագաների ձեռքբերման նպատակին:

Այս առթիվ կենտրոնի աշխատակիցները իրենց շնորհակալությունն են հայտնում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներին` մարդասիրական այդ օգնությունը տրամադրելու համար։

Նշենք, որ Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է 1998 թվականին` Բարոնուհի Քերոլայն Քոքսի աջակցությամբ. նպատակն էր աջակցություն ցուցաբերել արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինվորներին և քաղաքացիական անձանց։

Տարիների ընթացքում այն, ընդլայնելով գործունեությունը, սկսեց մատուցել իր վերականգնողական ծառայությունը Արցախում ֆիզիկական և մտավոր հաշմանդամություն ունեցող բոլոր այն անձանց , ովքեր ունեն դրա կարիքը։ Կենտրոնը, Արցախում իր տեսակի մեջ լինելով միակը, իր ծառայության մեջ չունի տարիքային սահմանափակում։ Կենտրոնում գործում է մանկական առողջության բաժանմունք, ինչպես նաև աուտիզմ ունեցող երեխաների համար` ցերեկային խնամքի և բուժման ծառայություն։ Կենտրոնը ունի տնային այցելության բաժանմունք, որի շահառուներն են 200-ից ավելի ծանր ախտորոշումով հաշմանդամություն ունեցող անձիք։

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը, ի թիվս այլ կարիքների, ունի մասնագիտական սարքավորումների, ծրագրի աջակցման կարիք: Առաջնային խնդիրներից է կենտրոնի շենքի վերակառուցումն ու վերանորոգումը:

wp-apeth