Գործադիրը առաջարկել է կանոնակարգել անշարժ գույքի գնահատման ոլորտը
Պատգամավորները հոկտեմբերի 5-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել են ««Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանն անդրադարձել է գնահատման գործունեության ոլորտի առկա վիճակին՝ նշելով, որ ՀՀ-ում օրենսդրորեն կարգավորվում է միայն անշարժ գույքի գնահատման գործունեությունը: Գործող օրենսդրությամբ մի շարք գնահատման ոլորտներ դուրս են մնում իրավական կարգավորումից, իսկ պետական եւ համայնքային բյուջեների եկամուտների եւ ծախսերի տեսանկյունից էական նշանակություն ունեցող գործարքների համար պարտադիր գնահատման պահանջ առկա չէ: Ըստ Արման Պետրոսյանի՝ այս խնդիրների լուծմանն են ուղղված առաջարկվող կարգավորումները: Նախատեսվում է ընդլայնել օրենքի գործողության ոլորտը: Հանրապետությունում կկարգավորվի գնահատման այլ օբյեկտների գնահատման գործընթացը, այն հնարավորություն կտա ՀՀ որակավորված գնահատողներին 2025 թվականի հունվարի 1-ից հետո գնահատման աշխատանքներ իրականացնել նաեւ ԵԱՏՄ պետությունների տարածքում:
Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է ընդլայնել գործող օրենքով սահմանված գնահատման պարտադիր դեպքերը, գնահատման գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար սահմանել որոշակի նվազագույն պահանջներ: Առաջարկվում է ներդնել հաշվառման ծրագիր, որը նախատեսված է հաշվետվությունների հաշվառման համար: Այն կապահովի ոլորտի հաշվետվողականությունը եւ թափանցիկությունը: Կներդրվի գնահատողների ինքնակարգավորման ինստիտուտը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյանը կարծիք է հայտնել, որ նախագծի ընդունումը կնպաստի գնահատման ծառայությունների որակի բարձրացմանը եւ ոլորտի կայացմանը: