Ավարտվեց ԱՌՆ ոլորտում կիրառելի ԱԹՍ-ների առաջին մրցույթը
Սեպտեմբերի 18-ին Լոռու մարզի Լեռնապատ համայնքում անցկացվել է անօդաչու թռչող սարքերի առաջին մրցույթի ցուցադրական թռիչքների՝ ավարտական փուլը:
Մրցույթի կազմակերպչական խորհրդի եւ ժյուրիի անդամ, Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, փ/ծ փոխգնդապետ Արմինե Հայրապետյանի խոսքով, նախնական ներկայացվել էր 47 հայտ, սակայն մրցույթի վերջնական փուլին մասնակցել է 28 թեկնածու՝ բոլոր երեք մակարդակներում՝ դպրոցականներ, սիրողական, պրոֆեսիոնալ թիմեր: Մասնակիցների աշխարհագրությունը բավականին լայն է՝ Երեւան, Գյումրի, Գորիս, Գավառ, Վանաձոր: Ծրագրային ապահովման մշակումներ անող Picsart ընկերության օգնությամբ առաջին տեղը զբաղեցրած թեկնածուները ստացել են 800 հազար, երկրորդները՝ 600, երրորդ տեղերը՝ 300 հազար դրամ: Ընդհանուր մրցանակային ֆոնդը 12 միլիոն դրամ էր:
«Մրցույթի նպատակն է խթանել աղետների ռիսկի նվազեցման միջոցառումներում եւ ծրագրերում կիրառելի ԱԹՍ-ների արտադրությունը: Լեռնապատում եղան դեպքեր, երբ թիմը լեռնային հատվածում կորցնում էր ԱԹՍ-ն, բայց հետո գտնում: Այս մասնակիցները խրախուսական մրցանակների արժանացան: Բոլոր երեք անվահակարգերում էլ (կրակի օջախի հայտնաբերում, տուժածի հայտնաբերում եւ գոյատեւման փաթեթի առաքում, հեղուկ նյութերի սփռում) հաջող արդյունքներ ունեցանք, բայց ամենահաջողը «Կրակի օջախի հայտնաբերում եւ կորդինատների հաղորդում» անվանակարգի արդյունքներն են: Հուսով ենք մրցույթը շարունակական կլինի նոր ներուժ հայտնաբերելու առումով եւ լավ կլինի, եթե կապ պահպանվի ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» գիտահետազոտական կենտրոնի հետ: Միմյանցից սովորելու բան կա»,- ԱԻՆ պաշտոնաթերթի թղթակցի հետ զրույցում ասել է Արմինե Հայրապետյանը:
Հ.Գ. Մրցույթը կազմակերպվում է «Նորարարական լուծումներ առաջին արձագանքողների համար»՝ «Ռեսպոնդրոն», ծրագրի շրջանակներում: