Սասուն Խաչատրյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Սասուն Խաչատրյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Կառավարությունը որոշումներ է ընդունել Սասուն Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից ազատելու և 6 տարի ժամկետով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակելու մասին:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է, որ սա կարևոր քայլ է Կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ճանապարհին և մանրամասներ ներկայացրել ընտրության ընթացակարգի վերաբերյալ: «Վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2021թ. հուլիսի 1-ի թիվ 1055-Ա հրամանով ձևավորվել էր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության համար մրցութային խորհուրդ: Մրցույթը հայտարարելուց հետո մասնակցության համար հայտ ներկայացրել էր 3 դիմորդ՝ Սասուն Խաչատրյանը, Գառնիկ Թորոսյանը և Գեղամ Մկրտումյանը: Ս.թ. սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության համար հայտարարված մրցույթը, որտեղ առավելագույն միավորներ է հավաքել Սասուն Խաչատրյանը: «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի և 19-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Կառավարությունը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ հարցը քննարկում և համապատասխան որոշում է կայացնում՝ խորհրդի կողմից թեկնածուներին ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկվել է Սասուն Խաչատրյանի թեկնածությունը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Հարցի առնչությամբ Սուրեն Պապիկյանը նշել է. «Հակակոռուպցիոն միասնական մարմնի ստեղծումը Կառավարության առաջնահերթություններից է: Հաշվի առնելով, որ տարբեր մարմիններ զբաղվել են հակակոռուպցիոն բացահայտման աշխատանքներով՝ հիմա մենք ստեղծում ենք մեկ միասնական մարմին: Վստահ եմ, որ ստեղծվող մարմինը կատարվող աշխատանքներն առավել արդյունավետ է դարձնելու»:

Հակակոռուպցիոն կոմիտեի նորանշանակ նախագահ Սասուն Խաչատրյանը նշել է, որ կառույցը լինելու է մասնագիտացված քննչական մարմին, նաև օպերատիվ-հետախուզական գործառույթներով՝ համոզմունք հայտնելով, որ մասնագիտացումը կնպաստի կոռուպցիոն հանցագործությունների քննության ու բացահայտման արդյունավետության բարձրացմանը: Նրա խոսքով՝ կառույցն սկսելու է գործել առավելագույնը 1 ամիս և 6 օր անց, ինչը նախատեսված է անցումային դրույթներով: Այս ընթացքում 20 քննիչ կնշանակվի, իսկ ամբողջ ծավալով, այդ թվում նաև՝ օպերատիվ ստորաբաժանումը, Հակակոռուպցիոն կոմիտեն կսկսի գործել 2022թ. սկզբից: 2022թ. նախատեսվում է նաև կառույցի համար ստեղծել տարածքային մարմիններ:

wp-apeth